You are currently viewing Տրանսֆերային գնագոյացում, ի՞նչ է և ինչի՞ համար
տրանսֆերային գնագոյացում, Transfer-Pricing

Տրանսֆերային գնագոյացում, ի՞նչ է և ինչի՞ համար

Աշխարհում լայն տարածում ունեցող հարկային վարչարարության գործիքներից մեկը՝ տրանսֆերային գնագոյացումն է, որը 2020 թվականից կիրառվում է նաև Հայաստանում։

 

Ի՞նչ է տրանսֆերային գնագոյացումը

Տրանսֆերային գնագոյացումը փոխկապակցված հարկ վճարողների միջև իրականացվող վերահսկվող գործարքնորում՝ ապրանքների մատակարարման, ոչ նյութական ակտիվների օտարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման սահմանված ֆինանսական ցուցանիշների որոշման ընթացակարգն է։

Տրանսֆերային գնագոյացման գլխավոր նպատակներից է փոխկապակցված անձանց միջև շահույթի տեղաշարժի կանխումն և հարկային կարգապահության բարելավումը։

 

Ովքե՞ր են փոխկապակցված անձինք

Երկու և ավելի անձինք համարվում են փոխկապակցված, եթե՝

1.անձանցից մեկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում է մյուս անձի կամ երկու և ավելի անձանց կառավարմանը, վերահսկմանը կամ մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունի մյուս կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում, եթե՝

  • Անձին պատկանում է 20% և ավելի բաժնետոմսերը, բաժնեմասը, փայաբաժինը

 

  • Հարկային տարում հարկ վճարողի ձեռնարկատիրական եկամուտների 80%-ից ավելին ստացվել է մյուս անձին ապրանքների ձեռքբերման, նրա համար աշխատանքների կատարման և (կամ) նրան ծառայությունների մատուցման գործարքներից , բացառությամբ գույքի վարձակալության և կամ անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների օտարման գործարքներից ստացվող եկամուտների և տոկոսների

 

  • Հարկային տարում հարկ վճարողի ձեռնարկատիրական ծախսերի 80%-ից ավելին ստացվել է մյուս անձին ապրանքների մատակարարման, աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման  գործարքներից , բացառությամբ գույքի վարձակալության և կամ անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների ձեռքբերման և տոկոսների վճարման  գործարքներից առաջացող ծախսերի

 

  • Անձինք կնքել են համատեղ գործունեության պայմանագիր, որով տվյալ հարկ վճարողն իր ակտիվների 50%-ից ավելին ներդրել է համատեղ գործունեության մեջ

 

  • Միևնույն հարկ վճարողի կողմից մյուս հարկ վճարողին ուղղակի կամ անուղղակի կերպով տրամադրված և կամ երաշխավորված փոխառությունների գումարի հանրագումարը գերազանցում է վերջինիս ընդհանուր ակտիվների հաշվեկշռային արժեքի 51%-ը

և այլն։

ՀՕ հոդված 362

 

Ո՞ր գործարքներն են համարվում վերահսկվող՝

ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ փոխկապակցված անձանց միջև։

Եթե կողմերից մեկը համարվում է ռոյալթի վճարող, օգտվում է շահութահարկի, ԱԱՀ-ի կամ ռոյալթիի հարկային արտոնություններից։

ՀՀ-ում գործող ոչ ռեզիդենտ մշտական հաստատության և այդ ոչ ռեզիդենտի միջև ծախսերի բաշխումն ու գործարքները։

Եթե գործարքը կատարվում է հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրում գրանցված անձի և հարկ վճարողի միջև, անկախ նրանց փոխկապակցվածության հանգամանքից։

 

Ո՞ր գործարքներ չեն համարվում վերահսկվող՝

Այն գործարքները, որոնք իրականացրել են բանկերը, վճարահաշվարկային և  վարկային կազմակերպությունները, արժեթղթային շուկայի մասնագիտացված մասնակիցները։ Օրինակ՝ բանկային և այլ հաշիվների բացումը, վարումը, սպասարկումը և այլն։

Կարևոր է իմանալ՝

Տրանսֆերային գնագոյացման կանոնները կիրառվում են միայն այն դեպքում, եթե հարկ վճարողի բոլոր վերահսկվող գործարքների ընդհանուր գումարը հարկային տարվա ընթացքում գերազանցում է 200 միլիոն դրամը (առանց ԱԱՀ-ի, ակցիզային և բնապահպանական հարկերի)։

ՀՕ հոդված 363

 

Տրանսֆերային գնագոյացման մեթոդները

Տրանսֆերային գնագոյացման մեթոդները 5-ն են

  1. Համադրելի չվերահսկվող գնի մեթոդ
  2. Վերավաճառքի գնի մեթոդ
  3. Ծախսումներ գումարած մեթոդ
  4. Զուտ շահույթի մեթոդ
  5. Շահույթի բաշխման մեթոդ

 

 

Տրանսֆերային փոխկապակցված ընկերությունների միջև գործարքների գների սահմանումն է, սակայն 200 միլիոն դրամի շեմը, մեթոդների ճիշտ ընտրությունը, փաստաթղթավորումն ու ծանուցումները պոտենցիալ հարկային ռիսկեր են պարունակում, որ առանց մասնագիտական հաշվապահության աջակցության բիզնեսը հեշտությամբ կարող է բախվել խոշոր տուգանքների և կրկնակի հարկման։