You are currently viewing Հարկային ստուգումներ․ ինչպե՞ս խուսափել
Հարկային ստուգումներ․ ինչպե՞ս խուսափել

Հարկային ստուգումներ․ ինչպե՞ս խուսափել

Հարկումը հանրության զգալի մասի կողմից մշտապես ընկալվում է որպես անձնական տնօրինվող եկամտի կորուստ, ինչն էլ հանգեցնում է հարկային պարտավորությունների կատարումից խուսափելու փորձերի՝ հարկային իրավախախտումների, ուստի պետությունն իր լիազոր մարմինների միջոցով իրականացնում է հարկային հսկողություն։

Հարկային վերահսկողության արդի համակարգերն անցում են կատարել թվային և համակարգային մոնիթորինգի

Ներկայումս իրականացվում է տվյալների բազմաշերտ համադրում, որն ընդգրկում է ընկերության գործունեության բոլոր ասպեկտները՝

ԱԱՀ գործարքները,

Բանկային և դրամարկղային շարժերը,

Աշխատավարձերի ֆոնդը,

Միջազգային փոխանցումներն

Գործընկերների փոխկապակցվածությունը

 

ՀO հոդված 332

 

Ինչը կարող է հարկային ստուգումների  պատճառ հանդիսանալ ՝

1․Շեղումներ ոլորտային միջին ցուցանիշներից. Երբ ընկերության շահութաբերությունը կամ հարկային բեռը զգալիորեն ցածր է նույն ոլորտում գործող մյուս ընկերությունների միջին ցուցանիշներից:

2․Անտրամաբանական ֆինանսական պատկեր. Օրինակ՝ երբ ընկերությունը տարիներ շարունակ հայտարարագրում է միայն վնասներ, բայց միևնույն ժամանակ ընդլայնում է գործունեությունը կամ շարունակում է մեծածավալ ֆինանսավորում ստանալ հիմնադիրներից:

3․Աշխատավարձերի անբնական մակարդակ. Գրանցված աշխատողների թվաքանակի կամ նրանց աշխատավարձերի չափի էական անհամապատասխանությունը ընկերության իրականացրած շրջանառության ծավալներին կամ շուկայական միջինին

4․Կասկածելի գործընկերների հետ աշխատանք. Գործարքների իրականացում այնպիսի ընկերությունների հետ, որոնք հարկայինի կողմից արդեն իսկ ճանաչվել են որպես անհուսալի  գործարքներ անող կամ մեկօրյա ֆիրմաներ:

5․Դրամարկղի և բանկի անհամապատասխանություն. Կանխիկ դրամական միջոցների անբնական մեծ մնացորդներ հաշվեկշռում կամ բանկային հաշիվների շարժի ու ներկայացված հաշվարկների անհամապատասխանություն:

6․ԱԱՀ-ի դեբետային մնացորդների կտրուկ աճ. Պետությունից պարբերաբար ԱԱՀ-ի փոխհատուցման (ետվերադարձի) պահանջ ներկայացնելը կամ չհիմնավորված մեծ գնումներ ցույց տալը, որոնք չեն համապատասխանում իրացման ծավալներին:

7․Հարկերի վճարումից խուսափելը, դրածո անձի միջոցով ապօրինի գործունեություն իրականացնելը, նյութական այլ օգուտներ քաղելը կամ ապօրինի գործունեությունը քողարկելը  կարող է հանգեցնել երբեմն նույնիսկ քրեական պատասխանատվության, որի դեպքում պատիժը կարող է լինել ընդհուպ ազատազրկում։

Հոդված 285.

 

Ինչին ուշադրություն դարձնել

Գործարքների տնտեսական բովանդակության ապահովում. Ցանկացած գործարք պետք է ունենա հստակ բիզնես նպատակ և տրամաբանություն, այլ ոչ թե արվի զուտ հարկերը նվազեցնելու համար: Հարկային մարմինները հեշտությամբ նկատում են կեղծ գործարքները:

Գործընկերների պատշաճ ուսումնասիրություն . Խուսափեք կասկածելի, նորաբաց կամ հարկային վատ պատմություն ունեցող ընկերությունների հետ աշխատելուց: Օգտագործեք հարկային մարմնի էլեկտրոնային համակարգերը՝ ստուգելու համար, թե արդյոք ձեր գործընկերը չի համարվում ռիսկային, անհուսալի  հարկատու:

Շուկայական գների և ցուցանիշների պահպանում. Փոխկապակցված անձանց միջև գործարքներում (ինչպես նաև սովորական վաճառքներում) կիրառեք շուկայական գներ: Եթե ձեր ընկերության շահութաբերությունը զգալիորեն ցածր է ոլորտի միջինից, պատրաստ ունեցեք դրա տնտեսական հիմնավորումը։

Իրական աշխատավարձերի հայտարարագրում. Խուսափեք աշխատողներին նվազագույն աշխատավարձով գրանցելուց, եթե նրանց կատարած աշխատանքը կամ ձեր ընկերության շրջանառությունը ենթադրում են ավելի բարձր վարձատրություն: Սա ամենաարագ նկատվող պատճառներից  է:

Հոդված 332

 

Այսօր հարկային տեսուչի բացակայությունը չի նշանակում, որ ձեզ չեն ստուգում։ Թվայնացված համակարգերի կողմից իրականացվող հսկողությունն անցնում է անտեսանելի, և թյուր տպավորությունը, թե ամեն ինչ կարգին է, կարող է հանգեցնել մեծ տուգանքների։ Կարևոր է ընտրել փորձառու հաշվապահ, ում շնորհիվ կկարողանաք հարկերը օրինական ճանապարհով նվազեցնել, խուսափել օրենքի խախտումներից։