Կոնցեսիոն կառավարումը և աութսորսինգը՝ որպես կառավարման արդյունավետության բարձրացման գործիքներ
Կոնցեսիոն կառավարում
Կոնցեսիոն կառավարումը (Concession Management) պետության կամ հանրային սեփականության կառավարման ներքո գտնվող ենթակառուցվածքների կամ ծառայությունների շահագործման և կառավարման իրավունքը մասնավոր ընկերությանը որոշակի ժամկետով փոխանցելն է՝ պայմանագրով սահմանված պարտավորությունների և պայմանների հիման վրա։
Կոնցեսիայի շրջանակում մասնավոր ընկերությունը կարող է ստանձնել օբյեկտի շահագործումը, սպասարկումը, վերանորոգումը, արդիականացումը և ներդրումների իրականացումը՝ համապատասխան պայմանագրի համաձայն։
Կոնցեսիոն կառավարման հիմնական նպատակները
- Ներդրումների ներգրավում – մասնավոր կապիտալի ներգրավում հանրային ենթակառուցվածքների զարգացման համար,
- Կառավարման արդյունավետության բարձրացում – մասնավոր հատվածի փորձի և կառավարման մեթոդների կիրառում,
- Պետական ծախսերի նվազեցում – ենթակառուցվածքների պահպանման և զարգացման ֆինանսական բեռի մասնակի փոխանցում մասնավոր հատվածին,
- Ծառայությունների որակի բարելավում – ժամանակակից տեխնոլոգիաների և սպասարկման մեթոդների ներդրում,
- Ռիսկերի բաշխում – ֆինանսական, գործառնական և ներդրումային ռիսկերի բաշխում պետության և մասնավոր գործընկերոջ միջև։
Կոնցեսիոն կառավարման օրինակները Հայաստանում
1.«Զվարթնոց» միջազգային օդանավակայան
2001 թ. ՀՀ կառավարությունը կոնցեսիոն պայմանագիր է կնքել արգենտինական «Corporación América» ընկերության հետ՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարման և շահագործման նպատակով։ Պայմանագրի ժամկետը հետագայում երկարաձգվել է մինչև 2067 թվականը։ Նոր պայմաններով մինչև 2033 թ. նախատեսվում է կատարել 425 մլն ԱՄՆ դոլարի ներդրում՝ օդանավակայանի ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման համար։ Վերացվել են նաև երաշխավորված ներդրումային եկամտաբերության (IRR) և վնասների փոխհատուցման նախկին մեխանիզմները։
2. Գազամատակարարման համակարգ․ «Գազպրոմ Արմենիա»
2013 թ. կնքված համաձայնությունների շրջանակում, իսկ 2014 թ. գործարքի ավարտից հետո ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ձեռք է բերել «ՀայՌուսգազարդ» ընկերության մնացած 20% բաժնետոմսերը՝ դառնալով դրա 100% սեփականատերը։ Ընկերությունը վերանվանվել է «Գազպրոմ Արմենիա» և ստանձնել Հայաստանի գազամատակարարման համակարգի կառավարումն ու շահագործումը՝ ներառյալ գազի ներկրումը, փոխադրումն ու բաշխումը։
3. Ջրամատակարարման համակարգ․ «Վեոլիա Ջուր»
2016 թ. նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարությունը ֆրանսիական «Վեոլիա» ընկերության հետ կնքել է 15 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ է մտել 2017 թ. հունվարի 1-ից։ Ընկերությանը վարձակալության և կառավարման է հանձնվել Երևանի և մարզերի ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի շահագործումը՝ դրանց սպասարկման և բարելավման պարտավորությամբ։
4. Երկաթուղային համակարգ․ «Հարավկովկասյան երկաթուղի»
2008 թ. ՀՀ կառավարությունը կոնցեսիոն պայմանագիր է կնքել ռուսական «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ՝ Հայաստանի երկաթուղային համակարգի կառավարման և շահագործման նպատակով։ Պայմանագիրը կնքվել է 30 տարի ժամկետով՝ ևս 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Ընկերությունը պարտավորվել է ներդրումներ կատարել երկաթուղային ենթակառուցվածքների վերանորոգման, արդիականացման, ինչպես նաև ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացման համար։
5. Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագիր
Հայաստանում իրականացվում է անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգի արդիականացման ծրագիր՝ պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ձևաչափով։
Ծրագրի էությունը պետության և մասնավոր հատվածի միջև գործառույթների բաշխումն է։ Մասնավոր գործընկերը՝ «HAYPASS» ՓԲԸ-ն, պատասխանատու է փաստաթղթերի պատրաստման և տրամադրման իրեն վերապահված գործընթացների համար, իսկ պետությունը պահպանում է բնակչության պետական ռեգիստրի կառավարումն ու տվյալների ստուգման վերահսկողությունը։
Ծրագրի հիմնական տվյալները՝
- Տևողությունը՝ 10 տարի,
- Մասնավոր գործընկերը՝ «HAYPASS» ՓԲԸ,
- Պայմանագրի կնքման ամսաթիվը՝ 2026 թվականի ապրիլի 25,
- Նախատեսված ենթակառուցվածքը՝ 23 սպասարկման գրասենյակ,
- Առաջին փուլը՝ 14 գրասենյակի գործարկում՝ 2-ը Երևանում, 12-ը մարզերում։
Ծրագրի հիմնական նպատակներն են՝
- Անձը հաստատող փաստաթղթերի անվտանգության բարձրացումը
- Կենսաչափական տվյալների միջոցով անձի ավելի հուսալի նույնականացումը
- Փաստաթղթերի կեղծման և այլ անձի տվյալների օգտագործման ռիսկերի նվազեցումը
- Միջազգային չափանիշներին համապատասխան փաստաթղթերի ներդրումը
- Քաղաքացիներին ժամանակակից և արդյունավետ ծառայությունների մատուցումը։
Այս ծրագիրը արտապատվիրակման և պետություն-մասնավոր գործընկերության օրինակ է, քանի որ պետությունը մասնավոր հատվածին է փոխանցում որոշակի ծառայությունների իրականացման գործառույթներ՝ միաժամանակ պահպանելով ռազմավարական վերահսկողությունն ու պետական տվյալների կառավարումը։
6. Էլեկտրոնային առողջապահության արտապատվիրակում․ ARMED համակարգ
ԱՐՄԵԴ (ARMED)
Հայաստանում էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգը ներդրվել է 2017 թվականին՝ կոնցեսիոն կառավարման միջոցով։
- Համակարգի կառավարումն ու սպասարկումը փոխանցվել է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ին,
- Ընկերությունը հիմնադրվել է շվեյցարական SYLEX SA-ի և հայկական «Մեյսիս Ապահով» ընկերության համատեղ ձեռնարկության կողմից,
- Կառավարության հետ կնքվել է 15 տարվա կոնցեսիոն պայմանագիր,
- Օպերատորն իրականացնում է համակարգի տեխնիկական կառավարումը, կատարելագործումը, օգտատերերի սպասարկումն ու ուսուցումը։
Համակարգի հնարավորությունները՝
- Հիվանդների բժշկական պատմությունների էլեկտրոնային պահպանում,
- Էլեկտրոնային դեղատոմսերի և ուղեգրերի կիրառում,
- Բժշկի մոտ էլեկտրոնային հերթագրում,
- Բժշկական հաստատությունների միջև տվյալների փոխանակում։
Հետաքրքիր փաստ․ Համակարգում առկա է շուրջ 2.9 միլիոն քաղաքացու անձնական բժշկական քարտ։ Քաղաքացիները կարող են իրենց բժշկական տվյալներին ծանոթանալ armed.am կայքի միջոցով։
Արտապատվիրակում
Աութսորսինգ (Outsourcing) – կազմակերպության կողմից որոշակի գործառույթների կամ ծառայությունների իրականացումը արտաքին մասնագիտացված ընկերությանը պատվիրակելն է՝ պայմանագրային հիմունքներով։
Հայաստանի գործարար միջավայրում կազմակերպությունների միջև արտապատվիրակումը դարձել է մրցունակության պահպանման և ռեսուրսների արդյունավետ կառավարման առանցքային գործիք։
Տրանսպորտ և առաքում – առևտրային ընկերությունը սեփական տրանսպորտային միջոցներ պահելու փոխարեն ապրանքների առաքումը պատվիրում է լոգիստիկ ընկերությանը։
1. Հանրային ծառայությունների միասնական գրասենյակներ
Հանրային ծառայությունների հասանելիությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով պետական որոշ ծառայությունների հայտերի ընդունման գործառույթներն արտապատվիրակվել են բանկերին և «Հայփոստ» ՓԲԸ-ին՝ օգտագործելով դրանց գործող մասնաճյուղային ցանցը և խուսափելով նոր պետական ստորաբաժանումների ստեղծման ծախսերից։
Միասնական գրասենյակները գործում են «մեկ պատուհանի» սկզբունքով՝ մեկ վայրում միավորելով 8 պետական մարմինների ծառայությունները, այդ թվում՝ Կադաստրի կոմիտեի, ՔԿԱԳ-ի, Պետական եկամուտների կոմիտեի և Միասնական սոցիալական ծառայության։
Գրասենյակներ գործում են Իջևանում, Գյումրիում և Վանաձորում։
Օրինակ․ Երեխայի ծննդի գրանցման և սոցիալական միանվագ նպաստի ձևակերպման համար քաղաքացին կարող է դիմել մեկ գրասենյակ՝ առանց տարբեր պետական մարմիններ այցելելու։
Արդյունքը՝ վարչական ծախսերի կրճատում, ժամանակի խնայողություն և պետական ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացում։
2. ՀՀ զինված ուժերում սննդի կազմակերպման արտապատվիրակում
Հայաստանում բանակի սննդի կազմակերպման համակարգի բարեփոխման գործընթացը մեկնարկել է 2019 թվականին՝ նպատակ ունենալով սննդի մատակարարման, ձեռքբերման և պատրաստման գործընթացները միավորել և փոխանցել մասնավոր ընկերություններին։
Արտապատվիրակման անհրաժեշտությունը պայմանավորված էր մի շարք խնդիրներով․
- Սննդամթերքի գնումների և մատակարարման հաճախակի խափանումներ
- Պայմանագրային պարտավորությունների չկատարման դեպքեր
- Սննդի որակի և պատրաստման հետ կապված խնդիրներ
- Մատակարարման բազմաստիճան շղթայում առկա կոռուպցիոն ռիսկեր։
Մասնավոր գործընկերների ընտրությունը
2019 թվականին փորձնական ծրագրի շրջանակում հետաքրքրության հայտ էին ներկայացրել երկու ընկերություն՝
- «Արտ Լանչ» ՍՊԸ (ArtLunch) – Հայաստանում սննդի սպասարկման ոլորտում գործող հայտնի ընկերություն,
- «Մեդիտեք» ընկերություն – բժշկական սարքավորումների և գործիքների մեծածախ առևտրով զբաղվող ընկերություն, որը մինչ այդ սննդի մատակարարման ոլորտում հայտնի գործունեություն չուներ։ Ընկերությունը հայտարարել էր, որ ներգրավել է Ռուսաստանում 60 հազար զինծառայողի սննդի ապահովման փորձ ունեցող մասնագետների։
Ծրագրի ֆինանսական ռիսկերը նվազեցնելու նպատակով կառավարությունը պահանջել էր նաև պայմանագրային պարտավորությունների կատարման բանկային երաշխիք։
Ծրագրի հիմնական նպատակներն էին՝
- Զինծառայողների սննդի որակի և բազմազանության բարձրացում,
- Մատակարարման միասնական համակարգի ձևավորում,
- Կոռուպցիոն ռիսկերի նվազեցում,
- Պետական վարչարարական գործընթացների պարզեցում։
Սա արտապատվիրակման օրինակ է, երբ պետությունը սննդի կազմակերպման գործառույթները փոխանցում է մասնավոր հատվածին՝ ակնկալելով ծառայությունների որակի բարձրացում և ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործում։
3․ Տրանսպորտ և առաքում
Առևտրային ընկերությունը սեփական տրանսպորտային միջոցներ պահելու փոխարեն ապրանքների առաքումը պատվիրում է լոգիստիկ ընկերությանը։
4․ Անվտանգության ծառայություններ
Գործարանը պահակային ծառայության կազմակերպումը վստահում է անվտանգության մասնագիտացված ընկերությանը։
5․ Հաշվապահական հաշվառում և ֆինանսական աուդիտ
Հաշվապահական հաշվառման և ֆինանսական աուդիտի արտապատվիրակումը կազմակերպության ֆինանսական գործառույթների իրականացումն արտաքին մասնագիտացված ընկերություններին վստահելն է։
Արտապատվիրակվող հիմնական ծառայությունները՝
- Հաշվապահական հաշվառման վարում և ֆինանսական հաշվետվությունների կազմում,
- Հարկային հաշվարկների և հայտարարագրերի պատրաստում,
- Աշխատավարձերի հաշվարկ,
- Ֆինանսական փաստաթղթերի ստուգում և աուդիտ։
Առավելությունները՝ ծախսերի կրճատում, մասնագիտական ծառայությունների հասանելիություն, հաշվապահական սխալների ռիսկի նվազեցում և կազմակերպության հիմնական գործունեության վրա կենտրոնանալու հնարավորություն։
Կազմակերպությունները ստիպված չեն լինում ձևավորել սեփական մեծ հաշվապահական բաժին՝ օգտվելով արտաքին մասնագետների ծառայություններից։
«Best Logic» հաշվապահական ընկերությունը մատուցում է հաշվապահական, հարկային և ֆինանսական ծառայություններ՝ ապահովելով ձեր բիզնեսի անխափան և օրինական գործունեությունը, նվազեցնելով ֆինանսական ռիսկերը, խնայելով ձեր ժամանակն ու ռեսուրսները։
