Տանսֆերային գնագոյացում
Տրանսֆերային գնագոյացումը փոխկապակցված անձանց միջև իրականացվող գործարքների գների և այլ ֆինանսական ցուցանիշների որոշման գործընթացն է։
Այն վերաբերում է այն դեպքերին, երբ երկու կամ ավելի փոխկապակցված անձինք միմյանց միջև իրականացնում են տնտեսական գործարքներ, օրինակ՝
- Ապրանքների մատակարարում
- Ծառայությունների մատուցում
- Աշխատանքների կատարում
- Փոխառությունների տրամադրում
- Ոչ նյութական ակտիվների (ապրանքային նշան, արտոնագիր, ծրագրային ապահովում և այլն) օտարում կամ օգտագործման իրավունքի տրամադրում
- Ֆինանսական ակտիվների օտարում կամ ձեռքբերում։
Տրանսֆերային գնագոյացման հիմնական նպատակն է ապահովել, որ փոխկապակցված անձանց միջև գործարքներն իրականացվեն այնպիսի գներով և պայմաններով, որոնք կկիրառվեին նաև միմյանց հետ փոխկապակցված չհամարվող անկախ անձանց միջև։
Այս մոտեցումը կոչվում է «Պարզած ձեռքի հեռավորության սկզբունք»
2. Ի՞նչ է պարզած ձեռքի հեռավորության սկզբունքը
Պարզած ձեռքի հեռավորության սկզբունքը տրանսֆերային գնագոյացման հիմնական սկզբունքն է։
Դրա համաձայն՝ փոխկապակցված անձանց միջև գործարքի գինը կամ շահութաբերության ցուցանիշը պետք է համապատասխանի այն գներին կամ ցուցանիշներին, որոնք կձևավորվեին նույնանման պայմաններում անկախ անձանց միջև իրականացված համադրելի գործարքներում։
3. Ովքե՞ր են համարվում փոխկապակցված անձինք
Անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանց միջև առկա է կառավարման, վերահսկման կամ կապիտալում մասնակցության որոշակի կապ։
Փոխկապակցվածության հիմնական չափանիշներն են՝
- Մի անձն ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետում է մյուս անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսին կամ ավելիին
- Միևնույն անձը մասնակցություն ունի երկու կամ ավելի անձանց կառավարման, վերահսկման կամ կապիտալում
- Անձը գործնականում վերահսկում է մյուս անձի գործարար որոշումները։
Կարևոր է հասկանալ, որ փոխկապակցվածությունը որոշվում է ոչ միայն բաժնեմասնակցության հիման վրա, այլ նաև փաստացի վերահսկողության հիման վրա։
Օրենսգրքով նախատեսված են նաև գործնական վերահսկողության հատուկ դեպքեր։
Դրանցից են՝
- Մյուս անձի ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի 20 և ավելի տոկոսի տիրապետումը կամ վերահսկումը
- Գործադիր կամ տնօրենների խորհրդի ձևավորման գործընթացի վերահսկումը
- Փոխառությունների տրամադրումը կամ երաշխավորումը, երբ դրանց հաշվեկշռային արժեքը գերազանցում է ստացողի ընդհանուր ակտիվների 51 տոկոսը
- Երբ հարկ վճարողի ձեռնարկատիրական եկամուտների ավելի քան 80 տոկոսը ստացվում է մեկ այլ անձից
- Երբ հարկ վճարողի ձեռնարկատիրական ծախսերի ավելի քան 80 տոկոսը կապված է մեկ այլ անձից գնումների հետ
- Որոշակի համատեղ գործունեության և անհատույց օգտագործման պայմանագրերի առկայությունը
- Ֆիզիկական անձի կողմից իրավաբանական անձի նկատմամբ փաստացի վերահսկողության իրականացումը կամ դրա ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումը։
4. Ո՞ր գործարքներն են համարվում վերահսկվող
Վերահսկվող գործարքներ են համարվում օրենքով սահմանված որոշակի գործարքներ, որոնց նկատմամբ կիրառվում են տրանսֆերային գնագոյացման կարգավորումները։
Հիմնականում դրանք են՝
- Փոխկապակցված ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ անձանց միջև գործարքները
- Փոխկապակցված ռեզիդենտ անձանց միջև գործարքները, եթե կողմերից մեկը ռոյալթի վճարող է կամ օգտվում է շահութահարկի և (կամ) ռոյալթիի արտոնություններից
- Հարկ վճարողի և հարկման հատուկ ազատական համակարգ ունեցող երկրում գրանցված անձի միջև գործարքները՝ անկախ փոխկապակցվածությունից
- ՀՀ-ում մշտական հաստատության միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտի և այդ ոչ ռեզիդենտի միջև որոշակի գործարքներն ու ծախսերի բաշխումը
Հարկման հատուկ ազատական համակարգ ունեցող երկիր է համարվում այն երկիրը կամ աշխարհագրական տարածքը, որտեղ գործում է շահութահարկի 10 տոկոս կամ դրանից ցածր դրույքաչափ կամ առկա է շահութահարկից ազատում՝
Կարևոր շեմ՝ 200 միլիոն դրամ։
Գնագոյացման կարգավորումները կիրառվում են, եթե հարկ վճարողի հարկային տարվա ընթացքում իրականացրած բոլոր վերահսկվող գործարքների հանրագումարը գերազանցում է 200 միլիոն դրամը։
Հաշվարկը կատարվում է առանց՝
- ԱԱՀ-ի,
- ակցիզային հարկի,
- բնապահպանական հարկի։
5. Ինչպե՞ս է որոշվում գործարքի համադրելիությունը
Տրանսֆերային գնագոյացման ժամանակ անհրաժեշտ է պարզել՝ արդյոք փոխկապակցված անձանց միջև գործարքը համադրելի է անկախ անձանց միջև իրականացվող գործարքների հետ։
Համադրելիությունը որոշելիս հաշվի են առնվում մի քանի կարևոր գործոններ։
- Գործարքի առարկայի բնութագիրը։ Ուսումնասիրվում է ապրանքի որակը, բնութագիրը, ծառայության տեսակը, ֆինանսական գործարքի պայմանները կամ ոչ նյութական ակտիվի առանձնահատկությունները
- Կողմերի գործառույթները, ակտիվները և ռիսկերը։ Ո՞վ է արտադրում, ո՞վ է վաճառում, ո՞վ է գովազդում, ո՞վ է կրում շուկայական կամ ֆինանսական ռիսկերը
- Պայմանագրային պայմանները։ Ուսումնասիրվում են գները, վճարման ժամկետները, մատակարարման ծավալները, երաշխիքները և պայմանագրի այլ դրույթները
- Տնտեսական պայմանները։ Հաշվի են առնվում աշխարհագրական շուկան, մրցակցությունը, շուկայի մակարդակը և տնտեսական իրավիճակը
- Գործարար ռազմավարությունը։ Ուսումնասիրվում է ընկերության՝ նոր շուկա մուտք գործելու, գործունեությունը ընդլայնելու կամ նորարարություններ ներդնելու ռազմավարությունը
Օրինակ՝ նույն ապրանքի գինը կարող է տարբեր լինել՝ կախված մատակարարման ծավալից, վճարման ժամկետից, ապրանքի որակից կամ առաքման պայմաններից։
Հետևաբար միայն երկու ապրանքների անվանումները համեմատելը բավարար չէ։ Անհրաժեշտ է ուսումնասիրել նաև գործարքների իրական տնտեսական պայմանները։
6. Տրանսֆերային գնագոյացման մեթոդները
1. Համադրելի չվերահսկվող գնի մեթոդ
Վերահսկվող գործարքի գինը համեմատվում է անկախ անձանց միջև համադրելի գործարքի գնի հետ։
Օրինակ․ Փոխկապակցված ընկերությանը ապրանքը վաճառվում է 7,000 դրամով, իսկ նույն պայմաններով անկախ գնորդներին՝ 9,000 դրամով։ Անհրաժեշտ է ուսումնասիրել գների տարբերության հիմնավորվածությունը։
2. Վերավաճառքի գնի մեթոդ
Ուսումնասիրվում է ապրանքի վերավաճառքից ստացված հավելագինը։
Օրինակ․ Ընկերությունը փոխկապակցված անձից ապրանքը գնում է 8,000 դրամով և անկախ գնորդին վերավաճառում 10,000 դրամով։ Վերլուծվում է 2,000 դրամ հավելագինը՝ համադրելի անկախ վերավաճառողների հավելագների համեմատ։
3. «Ծախսումներ գումարած» մեթոդ
Ուսումնասիրվում է ապրանքի արտադրության կամ ծառայության մատուցման ուղղակի և անուղղակի ծախսերի նկատմամբ կիրառվող հավելագինը։
Օրինակ․ Ընկերության ծառայության մատուցման ծախսերը կազմում են 1,000,000 դրամ։ Կիրառվող հավելագինը 10 տոկոս է։ Հետևաբար ծառայության արժեքը կազմում է 1,100,000 դրամ։
4. Զուտ շահույթի մեթոդ
Ուսումնասիրվում է գործարքի արդյունքում ստացված զուտ շահույթը՝ համապատասխան բազայի նկատմամբ։
Օրինակ՝ ընկերության իրացումը կազմում է 100 միլիոն դրամ, իսկ գործարքին վերաբերող զուտ շահույթը՝ 5 միլիոն դրամ։ Զուտ շահույթի գործակիցը կազմում է 5 տոկոս։ Այն համեմատվում է անկախ համադրելի ընկերությունների ցուցանիշների հետ։
5. Շահույթի բաշխման մեթոդ
Համատեղ գործարքից առաջացած շահույթը բաշխվում է փոխկապակցված կողմերի միջև՝ հաշվի առնելով նրանց ներդրումները, գործառույթները, օգտագործված ակտիվներն ու ռիսկերը։
Օրինակ․ Երկու փոխկապակցված ընկերություններ համատեղ իրականացնում են տեխնոլոգիական նախագիծ և ստանում 100 միլիոն դրամ շահույթ։ Շահույթը բաշխվում է՝ հաշվի առնելով յուրաքանչյուր կողմի իրական տնտեսական ներդրումը։
7. Ի՞նչ է պարզած ձեռքի հեռավորության տիրույթը և մեդիանան
Համադրելի անկախ գործարքների ուսումնասիրության արդյունքում կարող են ստացվել մի քանի ֆինանսական ցուցանիշներ։
Այդ ցուցանիշները դասավորվում են աճման կարգով և ձևավորում են պարզած ձեռքի հեռավորության տիրույթ։
Եթե վերահսկվող գործարքի ֆինանսական ցուցանիշը գտնվում է այդ տիրույթից դուրս, հարկային մարմինը կարող է այն ճշգրտել մինչև մեդիանա։
Օրինակ․
Ենթադրենք՝ անկախ ընկերությունների շահութաբերության համադրելի ցուցանիշներն են՝
3% · 4% · 5% · 7% · 9%
Համադրելի ընկերությունների շահութաբերության ցուցանիշներ
- Նվազագույն ցուցանիշ՝ 3%
- Առավելագույն ցուցանիշ՝ 9%
- Մեդիանա՝ 5%
Եթե ուսումնասիրվող ընկերության շահութաբերությունը կազմում է 2%, ապա այն գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս։
Այս դեպքում հարկային մարմինը կարող է առաջարկել կամ սահմանված կարգով իրականացնել համապատասխան ճշգրտում մինչև 5% մեդիանա։
Ընդ որում, ճշգրտման ճշտության ապացուցման բեռը կրում է հարկային մարմինը, իսկ եթե հարկ վճարողը համաձայն չէ մեդիանայի կիրառմանը և պնդում է այլ ցուցանիշի ճշտությունը, ապա դրա ապացուցման բեռը կրում է հարկ վճարողը։
8. Հարկ վճարողի կողմից իրականացվող ճշգրտումները
Հարկ վճարողը կարող է ինքնուրույն ճշգրտել շահութահարկով հարկման բազան և (կամ) ռոյալթիի բազան, եթե վերահսկվող գործարքը չի համապատասխանում պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին։
Այսինքն՝ հարկ վճարողը կարող է ինքնուրույն բացահայտել անհամապատասխանությունը և ներկայացնել տրանսֆերային գնագոյացման հարկային հաշվարկներ, այդ թվում՝ ճշտված։
Կարևոր առավելություն․ հարկ վճարողի կողմից ինքնուրույն իրականացված ճշգրտման արդյունքում առաջացած հարկի և վճարի գումարների նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում։
Եթե անհամապատասխանությունը հայտնաբերում է հարկային մարմինը, ապա այն կարող է առաջարկել հարկ վճարողին ճշգրտել ֆինանսական ցուցանիշը մինչև մեդիանա և մեկամսյա ժամկետում ներկայացնել համապատասխան հարկային հաշվարկները։
Այս դեպքում լրացուցիչ առաջացած հարկի և վճարի նկատմամբ տույժերը հաշվարկվում են հարկային մարմնի առաջարկի ներկայացման օրվան հաջորդող օրվանից։
9. Վերահսկվող գործարքների մասին ծանուցումը
Եթե հարկ վճարողի վերահսկվող գործարքների հանրագումարը հարկային տարվա ընթացքում գերազանցում է 200 միլիոն դրամը՝ առանց ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի, ապա հարկ վճարողը պարտավոր է հարկային մարմին ներկայացնել վերահսկվող գործարքների մասին ծանուցում։
Ծանուցման ներկայացման վերջնաժամկետն է յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ։
Կարևոր առանձնահատկություն․ Օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վերահսկվող գործարքների դեպքում ծանուցումը ներկայացնում են գործարքի երկու կողմերը։
10. Տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումը
Փաստաթղթավորումը տրանսֆերային գնագոյացման ամենակարևոր գործնական փուլերից մեկն է։
Դրա նպատակն է հիմնավորել, որ հարկ վճարողի վերահսկվող գործարքներն իրականացվել են պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխան։
Փաստաթղթավորման տեսակներն են՝
1.Տեղական փաստաթուղթ
Այն ներկայացնում են վերահսկվող գործարքների մասին ծանուցում ներկայացրած հարկ վճարողները։
Տեղական փաստաթուղթը ներառում է՝
- Ընկերության գործունեության մանրամասն նկարագրությունը։
- Վերահսկվող գործարքների նկարագրությունը։
- Գործարքների կողմերի գործառույթների, ակտիվների և ռիսկերի վերլուծությունը։
- Կիրառված տրանսֆերային գնագոյացման մեթոդի նկարագրությունն ու հիմնավորումը։
- Համադրելի գործարքների վերաբերյալ տեղեկատվության աղբյուրները։
- Պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկը, եթե կիրառելի է։
- Վերլուծության ենթակա կողմի ֆինանսական տվյալները։
2.Գլխավոր փաստաթուղթ
Ներկայացնում է բազմազգ կազմակերպության մայր կազմակերպությունը։
Այն պարունակում է տեղեկատվություն ամբողջ բազմազգ խմբի վերաբերյալ, մասնավորապես՝
- Կազմակերպության կառուցվածքը։
- Գործունեության նկարագիրը։
- Ոչ նյութական ակտիվների նկարագրությունը։
- Խմբի ներսում իրականացվող ֆինանսական գործառնությունները։
- Համախմբված ֆինանսական հաշվետվությունները և եկամուտների համաշխարհային բաշխման վերաբերյալ տեղեկատվությունը։
3.Երկրների միջև փոխանակվող հաշվետվություն
Այն վերաբերում է այն բազմազգ կազմակերպություններին, որոնց մայր կազմակերպության նախորդ հարկային տարվա համախառն եկամուտը գերազանցում է 750 միլիոն եվրոն։
Հաշվետվությունը ներառում է՝
- Եկամուտների բաշխումն ըստ երկրների։
- Վճարված հարկերը՝ ըստ երկրների։
- Տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը։
- Ակտիվների վերաբերյալ տեղեկատվությունը՝ ըստ երկրների։
Փաստաթղթերի ներկայացման ժամկետները
| Փաստաթուղթ կամ տեղեկատվություն | Ներկայացման ժամկետ |
| Տեղական փաստաթուղթ | Հարկային մարմնի գրավոր ծանուցումն ստանալուց հետո 30 աշխատանքային օր |
| Գլխավոր փաստաթուղթ | Հարկային մարմնի գրավոր ծանուցումն ստանալուց հետո 30 աշխատանքային օր |
| Լրացուցիչ տեղեկատվություն | Պահանջը ստանալուց հետո 10 աշխատանքային օր |
| Հարցազրույցի անցկացման վայրի, ժամկետների և մասնակիցների մասին տեղեկատվություն | Ծանուցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օր |
| Երկրների միջև փոխանակվող հաշվետվություն | Հարկային տարվա ավարտից հետո 12 ամսվա ընթացքում |
Տրանսֆերային գնագոյացումը պարզապես փոխկապակցված ընկերությունների միջև գների որոշում չէ։ Այն հարկային վերահսկողության համակարգ է, որի նպատակն է ապահովել, որ փոխկապակցված անձանց միջև գործարքներն իրականացվեն անկախ կողմերի միջև ձևավորվող շուկայական պայմաններին համապատասխան։
Յուրաքանչյուր ընկերություն, որն իրականացնում է վերահսկվող գործարքներ, պետք է՝
- Ճիշտ բացահայտի իր փոխկապակցված անձանց։
- Ուսումնասիրի իրականացված գործարքների բնույթը։
- Վերահսկի 200 միլիոն դրամի շեմը։
- Հիմնավորի գործարքների գները և շահութաբերության ցուցանիշները։
- Ժամանակին ներկայացնի վերահսկվող գործարքների մասին ծանուցումը։
- Պահպանի և անհրաժեշտության դեպքում ներկայացնի տրանսֆերային գնագոյացման փաստաթղթերը։
Յուրաքանչյուր տնտեսվարող պետք է գիտակցի, որ հարկային օրենսդրության պահանջների անտեսումը կամ ոչ պատշաճ կատարումը կարող է հանգեցնել լրացուցիչ հարկային պարտավորությունների, տույժերի և ֆինանսական կորուստների։
Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ևս պահանջում են առանձնահատուկ ուշադրություն և շարունակական վերահսկողություն։
Հենց այս փուլում է կարևոր հմուտ և բանիմաց հաշվապահի դերը, ով ոչ միայն իրականացնում է ընթացիկ հաշվապահական հաշվառումը, այլև ժամանակին բացահայտում է հնարավոր ռիսկերը, վերահսկում օրենսդրական պահանջների կատարումը, ապահովում գործարքների պատշաճ փաստաթղթավորումն ու կանխարգելում հնարավոր հարկային խնդիրները։
«Բեսթ Լօջիք» հաշվապահական կազմակերպության նպատակն է ապահովել Ձեր բիզնեսի հարկային պաշտպանվածությունը, ֆինանսական թափանցիկությունն ու կայուն զարգացումը՝ խնդիրները կանխելով մինչև դրանց առաջացումը։
