ՍՊԸ-ի և ԱՁ-ի միջև ընտրություն կատարելիս հաճախ հաշվի են առնում միայն գրանցման պարզությունն ու հարկերը, սակայն կան մի շարք կարևոր տարբերություններ։
Կարգավիճակը
ԱՁ-ն ֆիզիկական անձ է, որն իրավունք ունի առանց իրավաբանական անձ կազմավորելու ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն։ (ԱՁ-ների մասին օրենք, հոդված 1)
ՍՊԸ-ն մեկ կամ մի քանի անձանց կողմից հիմնադրված իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող առևտրային կազմակերպություն է։ (ՍՊԸ-ների մասին օրենք, հոդված 3)
ԱՁ-ն պարտադիր պետք է լինի Ֆիզ․ անձի անուն-ազգանունով, իսկ ՍՊԸ-ի անվանումը որոշվում է ՍՊԸ-ի մասնակիցների կողմից, և կարող լինել ցանկացած, դեռևս չօգտագործված անվանում։
Թույլատելի մասնակիցների քանակ
ԱՁ կարող է լինել միայն մեկ հոգի՝ տվյալ ֆիզ․ անձը,
ՍՊԸ-ում մասնակիցների քանակը չպետք է գերազանցի 49-ը։ Մասնակիցների քանակը գերազանցելու դեպքում տրվում է 1 տարի ժամանակ իրավիճակը կարգավորելու համար, հակառակ դեպքում ընկերությունը մեկ տարվա ընթացքում պետք է լուծարվի։
(ՍՊԸ-ների մասին օրենք, հոդված 11)
Իրավունքները
Նմանությունները
- Թե՛ ԱՁ-ն, թե՛ ՍՊԸ-ն իրավունք ունեն զբաղվելու օրենքով չարգելված ցանկացած գործունեությամբ։
- Դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։
- Երկուսն էլ իրավունք ունեմ բացելու բանկային հաշիվ։
- Ունենալ վարձու աշխատողներ
- ԱՁ-ն իրավունք ունի հիմնադրել այլ առևտրային կազմակերպություն կամ դառնալ դրա մասնակիցը։ ՍՊԸ-ն նույնպես իրավունք ունի մասնակից հանդիսանալ այլ առևտրային կազմակերպությանը։
Տարբերությունները
- ԱՁ-ի իրավունակությունը և գործունեությունը ծագում են պետական հաշվառման պահից և դադարում ֆիզիկական անձի իրավունակության և գործունեության դադարման, ինչպես նաև պետական հաշվառման ուժը կորցրած և անվավեր ճանաչված պահից: ԱՁ-ի հաշվառումը կատարվում է անժամկետ։ ՍՊԸ-ն ստեղծված է համարում ընկերության պետական գրանցման պահից և ստեղծվում է առանց ժամկետային սահմանափակման։
(ԱՁ-ների մասին օրենք, հոդված 6)
(ԱՁ-ների մասին օրենք, հոդված 3)
(ՍՊԸ-ների մասին օրենք, հոդված 3)
(ՍՊԸ-ների մասին օրենք, հոդված 8)
Պատասխանատվություն
ԱՁ-ն իր պարտավորությունների համար պատասխանատու է իր ողջ անձնական գույքով ։
ՍՊԸ իր պարտավորությունների համար պատասխանատու է ընկերությանը պատկանող ամբողջ գույքով, միևնույն ժամանակ ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում մասնակիցների անձնական պարտավորությունների համար, իսկ ընկերության մասնակիցներն էլ պատասխանատու չեն ընկերության պարտականությունների համար, պատասխանատու են միայն ընկերության կանոնադրական կապիտալում իրենց ներդրած բաժնեմասի սահմաններում։
ԱՁ-ն իր պարտավորությունների համար պատասխանատու է իր ողջ անձնական գույքով ։
Պատասխանատվություն սնանկության դեպքում
ՍՊԸ-ի դեպքում սնանկ ճանաչվում և լուծարվում միայն իրավաբանական անձը։ Այս դեպքում անձնական միջոցները և սեփականությունը դրանից չեն տուժում։
ԱՁ-ի անվճարունակության դեպքում սնանկության գործընթացն անմիջականորեն անցնում է ֆիզիկական անձին, քանի որ նա պատասխանատու է իր ողջ անձնական գույքով պատասխանատվությունը մարելու համար նրա սեփականությունը (տուն, մեքենա, հաշիվներ) ենթարկվում են բռնագանձման:
Շահույթի բաշխումը
ՍՊԸ-ի դեպքում բաշխման ենթակա շահույթը իրականանում է ոչ հաճախ, քան եռամսյակը մեկ և բաշխվում է մասնակիցների միջև ըստ բաժնեմասերի չափի։ (ՍՊԸ-ների մասին օրենք, հոդված 24)
ԱՁ-ն շահույթի բաշխման պարտավորություն չունի, ստացված գումարը ինքնաբերաբար իրենն է։
Հարկման առանձնահատկությունները
ԱՁ-ների և ՍՊԸ-ների հարկման դրույքաչափերը կախված հարկային համակարգի ընտրությունից կարող են շատ տարբեր լինել, և կախված գործունեության տեսակից, բնույթից, և ծավալներից որոշ դեպքերում ձեռնատու լինի գործել որպես ԱՁ, իսկ որոշ դեպքերում ավելի նպատակահարմար կլինի գործել որպես ՍՊԸ։ Այս մասով անհրաժեշտ է դետալային վերլուծություն կոնկրետ Ձեր բիզնեսի առանձնահատկությունները հաշվի առնելով։
Ինչպես տեսնում ենք ԱՁ-ի և ՍՊԸ-ի միջև կան բազմաթիվ տարբերություններ և նմանություններ, որոնք կարևոր ազդեցություն կարող են ունենալ Ձեր բիզնեսի գործունեության մեջ։
Որպեսզի հետագայում որևէ բարդություններ չառաջանան, անհրաժեշտ է ի սկզբանե դիմել մասնագիտական խորհրդատվության համար, և կատարել ճիշտ որոշում։ Հարցերի և մասնագիտական խորհրդատվության համար կարող եք դիմել «Բեսթ Լոջիք» հաշվապահական ընկերությանը՝ հեռ․ (+374 33) 701-600
