Ծառայությունների ստացումը ԵԱՏՄ անդամ երկրներից․ հարկային և հաշվապահական առանձնահատկությունները

Ծառայությունների ստացումը ԵԱՏՄ անդամ երկրներից․ հարկային և հաշվապահական առանձնահատկությունները

Հայաստանի տնտեսվարողը ԵԱՏՄ անդամ երկրներից կարող է ստանալ տարբեր ծառայություններ՝ օրինակ՝ խորհրդատվական, մարքեթինգային, գովազդային, ՏՏ և այլ ծառայություններ։

Թեև ծառայություն մատուցողը ԵԱՏՄ անդամ երկրի ռեզիդենտ է, հարկային պարտավորությունները որոշելիս միայն նրա երկրի փաստը բավարար չէ։ Անհրաժեշտ է հաշվի առնել ծառայության տեսակը, ծառայության մատուցման վայրը, ծառայություն մատուցողի հարկային կարգավիճակը, ՀՀ-ում մշտական հաստատության առկայությունը, ԱԱՀ-ի կիրառման պայմանները և, համապատասխան դեպքերում, կրկնակի հարկումը բացառող միջազգային համաձայնագրերը։

1․ ԵԱՏՄ անդամ երկրներից ստացվող ծառայությունների տեսակները և մատուցման վայրը 

Հայաստանի տնտեսվարողը ԵԱՏՄ անդամ երկրներից կարող է ստանալ տարբեր տեսակի ծառայություններ, օրինակ՝

  • խորհրդատվական ծառայություններ,
  • մարքեթինգային ծառայություններ,
  • գովազդային ծառայություններ,
  • ՏՏ ծառայություններ,
  • իրավաբանական ծառայություններ,
  • հաշվապահական ծառայություններ,
  • դիզայներական ծառայություններ,
  • աուդիտորական ծառայություններ,
  • տեղեկատվության մշակման և փոխանցման ծառայություններ։

Կարևոր է հասկանալ, որ տարբեր ծառայությունների նկատմամբ կարող են կիրառվել տարբեր հարկային կանոններ։ Հետևաբար, հարկային պարտավորությունը որոշելու համար անհրաժեշտ է նախ պարզել՝ կոնկրետ ինչ ծառայություն է ստացվել և որտեղ է այն հարկային նպատակներով համարվում մատուցված։

Ծառայությունների հարկման համար կարևոր նշանակություն ունի դրանց մատուցման վայրը։

ՀՀ հոդված 39

2․ Կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի կիրառումը

ԵԱՏՄ անդամ երկրից ծառայություն ստանալու դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել նաև Հայաստանի Հանրապետության և համապատասխան պետության միջև գործող կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը, եթե տվյալ գործարքի նկատմամբ այն կիրառելի է։

Միաժամանակ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունների և ռեզիդենտ ֆիզիկական անձանց՝ օտարերկրյա պետությունում ստացված կամ ստացման ենթակա համապատասխան հարկման օբյեկտները ներառվում են ՀՀ-ում հարկման օբյեկտի մեջ։

Եթե նույն եկամտի կամ հարկման օբյեկտի գծով հարկ արդեն գանձվել է օտարերկրյա պետությունում, ապա  ՀՀ-ում հաշվարկված համապատասխան հարկի գումարը կարող է նվազեցվել օտարերկրյա պետությունում վճարված հարկի գումարի չափով՝ Օրենսգրքով սահմանված սահմանափակումների շրջանակում։

Մասնավորապես, նվազեցումը չի կարող գերազանցել ՀՀ-ում տվյալ օտարերկրյա եկամտի նկատմամբ Օրենսգրքով սահմանված կարգով և դրույքաչափով հաշվարկվող համապատասխան հարկի գումարը։

ՀՀ հոդված 20

3. ԵԱՏՄ երկրից ստացված ծառայությունների ԱԱՀ-ն

ԵԱՏՄ անդամ երկրներից ստացվող ծառայությունը, եթե ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն դրա մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը և ծառայությունը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, համարվում է ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարք։ Այդ գործարքի հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն հաշվարկվում է 20% դրույքաչափով։

ՀՀ հոդված 63

Եթե ծառայության մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, ապա անհրաժեշտ է ուսումնասիրել ՀՀ-ում առաջացող ԱԱՀ-ի  պարտավորությունը։ Ընդհանուր կանոնի համաձայն՝ ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտի կողմից ՀՀ-ում մատուցված՝ ԱԱՀ-ով հարկման ենթակա ծառայության համար ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է պայմանագրային կողմ հանդիսացող ԱԱՀ վճարողը՝ որպես հարկային գործակալ։

Սակայն ՀՀ հարկային օրենսգրքի  նախատեսված է բացառություն․ եթե ծառայությունը ստացող պայմանագրային կողմը շրջանառության հարկ վճարող է կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, ապա ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է հենց ոչ ռեզիդենտ ծառայություն մատուցողը՝ Օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում։

Այսպիսով, ԵԱՏՄ երկրից ծառայություն ստանալու դեպքում առանցքային նշանակություն ունեն ծառայության տեսակը, մատուցման վայրը, ոչ ռեզիդենտի կարգավիճակը և ՀՀ ծառայություն ստացողի հարկման համակարգը։ Հենց այս հանգամանքներից է կախված՝ ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը ով է կրում։

ՀՀ հոդված 70

4․ Ծառայությունների փաստաթղթավորումը

ԵԱՏՄ երկրից ծառայություն ստանալու դեպքում անհրաժեշտ է պատշաճ ձևակերպել գործարքը։ Հաշվապահական հաշվառման համար կարևոր են, մասնավորապես՝

  • ծառայությունների մատուցման պայմանագիրը,
  • ծառայության արժեքը հաստատող փաստաթուղթը,
  • ծառայության մատուցումը հաստատող փաստաթուղթը,
  • վճարումը հաստատող փաստաթղթերը,
  • անհրաժեշտության դեպքում՝ ծառայության մատուցման և ընդունման ակտը,
  • արտարժույթով գործարքի դեպքում՝ համապատասխան հաշվապահական հաշվարկները։

Փաստաթղթերը պետք է հնարավորություն տան հիմնավորելու ծառայության իրական ստացումը, արժեքը, բնույթը և դրա կապը կազմակերպության գործունեության հետ։

ԵԱՏՄ անդամ երկրներից ծառայությունների ստացման դեպքում հարկային պարտավորությունը որոշելու համար միայն վճարման փաստը բավարար չէ․ անհրաժեշտ է ճիշտ գնահատել ծառայության բնույթը, մատուցման վայրը և ոչ ռեզիդենտի հարկային կարգավիճակը։ Հաշվապահի դերը կարևոր է այս գործարքների ճիշտ փաստաթղթավորման, հարկերի հաշվարկման և հաշվապահական հաշվառման ապահովման գործում։