Ծառայությունների ստացումը ԵԱՏՄ անդամ երկրներից․ հարկային և հաշվապահական առանձնահատկությունները
Հայաստանի տնտեսվարողը ԵԱՏՄ անդամ երկրներից կարող է ստանալ տարբեր ծառայություններ՝ օրինակ՝ խորհրդատվական, մարքեթինգային, գովազդային, ՏՏ և այլ ծառայություններ։
Թեև ծառայություն մատուցողը ԵԱՏՄ անդամ երկրի ռեզիդենտ է, հարկային պարտավորությունները որոշելիս միայն նրա երկրի փաստը բավարար չէ։ Անհրաժեշտ է հաշվի առնել ծառայության տեսակը, ծառայության մատուցման վայրը, ծառայություն մատուցողի հարկային կարգավիճակը, ՀՀ-ում մշտական հաստատության առկայությունը, ԱԱՀ-ի կիրառման պայմանները և, համապատասխան դեպքերում, կրկնակի հարկումը բացառող միջազգային համաձայնագրերը։
1․ ԵԱՏՄ անդամ երկրներից ստացվող ծառայությունների տեսակները և մատուցման վայրը
Հայաստանի տնտեսվարողը ԵԱՏՄ անդամ երկրներից կարող է ստանալ տարբեր տեսակի ծառայություններ, օրինակ՝
- խորհրդատվական ծառայություններ,
- մարքեթինգային ծառայություններ,
- գովազդային ծառայություններ,
- ՏՏ ծառայություններ,
- իրավաբանական ծառայություններ,
- հաշվապահական ծառայություններ,
- դիզայներական ծառայություններ,
- աուդիտորական ծառայություններ,
- տեղեկատվության մշակման և փոխանցման ծառայություններ։
Կարևոր է հասկանալ, որ տարբեր ծառայությունների նկատմամբ կարող են կիրառվել տարբեր հարկային կանոններ։ Հետևաբար, հարկային պարտավորությունը որոշելու համար անհրաժեշտ է նախ պարզել՝ կոնկրետ ինչ ծառայություն է ստացվել և որտեղ է այն հարկային նպատակներով համարվում մատուցված։
Ծառայությունների հարկման համար կարևոր նշանակություն ունի դրանց մատուցման վայրը։
2․ Կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի կիրառումը
ԵԱՏՄ անդամ երկրից ծառայություն ստանալու դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել նաև Հայաստանի Հանրապետության և համապատասխան պետության միջև գործող կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը, եթե տվյալ գործարքի նկատմամբ այն կիրառելի է։
Միաժամանակ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունների և ռեզիդենտ ֆիզիկական անձանց՝ օտարերկրյա պետությունում ստացված կամ ստացման ենթակա համապատասխան հարկման օբյեկտները ներառվում են ՀՀ-ում հարկման օբյեկտի մեջ։
Եթե նույն եկամտի կամ հարկման օբյեկտի գծով հարկ արդեն գանձվել է օտարերկրյա պետությունում, ապա ՀՀ-ում հաշվարկված համապատասխան հարկի գումարը կարող է նվազեցվել օտարերկրյա պետությունում վճարված հարկի գումարի չափով՝ Օրենսգրքով սահմանված սահմանափակումների շրջանակում։
Մասնավորապես, նվազեցումը չի կարող գերազանցել ՀՀ-ում տվյալ օտարերկրյա եկամտի նկատմամբ Օրենսգրքով սահմանված կարգով և դրույքաչափով հաշվարկվող համապատասխան հարկի գումարը։
3. ԵԱՏՄ երկրից ստացված ծառայությունների ԱԱՀ-ն
ԵԱՏՄ անդամ երկրներից ստացվող ծառայությունը, եթե ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն դրա մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը և ծառայությունը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, համարվում է ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարք։ Այդ գործարքի հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն հաշվարկվում է 20% դրույքաչափով։
Եթե ծառայության մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, ապա անհրաժեշտ է ուսումնասիրել ՀՀ-ում առաջացող ԱԱՀ-ի պարտավորությունը։ Ընդհանուր կանոնի համաձայն՝ ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտի կողմից ՀՀ-ում մատուցված՝ ԱԱՀ-ով հարկման ենթակա ծառայության համար ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է պայմանագրային կողմ հանդիսացող ԱԱՀ վճարողը՝ որպես հարկային գործակալ։
Սակայն ՀՀ հարկային օրենսգրքի նախատեսված է բացառություն․ եթե ծառայությունը ստացող պայմանագրային կողմը շրջանառության հարկ վճարող է կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, ապա ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է հենց ոչ ռեզիդենտ ծառայություն մատուցողը՝ Օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում։
Այսպիսով, ԵԱՏՄ երկրից ծառայություն ստանալու դեպքում առանցքային նշանակություն ունեն ծառայության տեսակը, մատուցման վայրը, ոչ ռեզիդենտի կարգավիճակը և ՀՀ ծառայություն ստացողի հարկման համակարգը։ Հենց այս հանգամանքներից է կախված՝ ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը ով է կրում։
4․ Ծառայությունների փաստաթղթավորումը
ԵԱՏՄ երկրից ծառայություն ստանալու դեպքում անհրաժեշտ է պատշաճ ձևակերպել գործարքը։ Հաշվապահական հաշվառման համար կարևոր են, մասնավորապես՝
- ծառայությունների մատուցման պայմանագիրը,
- ծառայության արժեքը հաստատող փաստաթուղթը,
- ծառայության մատուցումը հաստատող փաստաթուղթը,
- վճարումը հաստատող փաստաթղթերը,
- անհրաժեշտության դեպքում՝ ծառայության մատուցման և ընդունման ակտը,
- արտարժույթով գործարքի դեպքում՝ համապատասխան հաշվապահական հաշվարկները։
Փաստաթղթերը պետք է հնարավորություն տան հիմնավորելու ծառայության իրական ստացումը, արժեքը, բնույթը և դրա կապը կազմակերպության գործունեության հետ։
ԵԱՏՄ անդամ երկրներից ծառայությունների ստացման դեպքում հարկային պարտավորությունը որոշելու համար միայն վճարման փաստը բավարար չէ․ անհրաժեշտ է ճիշտ գնահատել ծառայության բնույթը, մատուցման վայրը և ոչ ռեզիդենտի հարկային կարգավիճակը։ Հաշվապահի դերը կարևոր է այս գործարքների ճիշտ փաստաթղթավորման, հարկերի հաշվարկման և հաշվապահական հաշվառման ապահովման գործում։
