Բեռնափոխադրման ծառայությունների մատուցում ՀՀ-ում և արտերկրում․ հարկային պարտավորություններ և արտոնություններ
Բեռնափոխադրման բիզնես սկսելու համար բավարար չէ ունենալ բեռնատար մեքենա կամ գտնել պատվիրատուներ։ Գործունեության սկզբից անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպես գրանցել բիզնեսը, ինչ հարկային համակարգ ընտրել, ինչպես ձևակերպել եկամուտներն ու ծախսերը և ինչ հաշվետվություններ ներկայացնել։
Հատկապես կարևոր է հաշվապահի դերը, քանի որ հարկերի սխալ հաշվարկը կամ փաստաթղթերի թերի վարումը կարող են հանգեցնել լրացուցիչ ծախսերի, տույժերի և տուգանքների։
Բեռնափոխադրումների բիզնեսի կազմակերպումը և իրավական ձևի ընտրությունը
Բեռնափոխադրման գործունեություն սկսելու առաջին քայլերից մեկը գործունեության իրավական ձևի ընտրությունն է։ Տնտեսվարողը կարող է գործունեություն իրականացնել, օրինակ, որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ) կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)։
Անհատ ձեռնարկատեր
ԱՁ ձևաչափը կարող է հարմար լինել այն անձի համար, որը ցանկանում է սկսել համեմատաբար փոքր ծավալի գործունեություն, ինքնուրույն կազմակերպել փոխադրումները և սկզբնական փուլում չունի մեծ աշխատակազմ։
Այս ձևաչափն ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն հաշվառման կազմակերպման առանձնահատկությունները, այլև ձեռնարկատիրոջ գույքային պատասխանատվության հարցերը։
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
ՍՊԸ-ն կարող է առավել հարմար լինել այն դեպքում, երբ նախատեսվում է ընդլայնել գործունեությունը, ներգրավել գործընկերներ, ունենալ մի քանի տրանսպորտային միջոց, աշխատակիցներ կամ համագործակցել խոշոր ընկերությունների հետ։
ՍՊԸ-ն իրավաբանական անձ է, և դրա պարտավորությունների համար պատասխանատվության հարցերը կարգավորվում են օրենքով։ Սակայն ընկերության ձևաչափն ինքնին չի ազատում հարկային, հաշվապահական կամ պայմանագրային պարտավորություններից։
Ի՞նչ պետք է հաշվի առնել ընտրություն կատարելիս
Իրավական ձևն ընտրելիս նպատակահարմար է գնահատել՝
- նախատեսվող տարեկան շրջանառությունը,
- մեքենաների քանակը և դրանց ձեռքբերման կամ վարձակալության ձևը,
- աշխատակիցներ ունենալու անհրաժեշտությունը,
- ներքին կամ միջազգային փոխադրումներ իրականացնելու ծրագրերը,
- հարկման համակարգի ընտրության հնարավորությունները։
Կարևոր է հասկանալ, որ ԱՁ կամ ՍՊԸ ընտրությունը պետք է կատարվի ոչ միայն գրանցման պարզության, այլև բիզնեսի երկարաժամկետ զարգացման, պատասխանատվության և հարկային հետևանքների գնահատման հիման վրա։
Հարկման համակարգի ընտրությունը
Բեռնափոխադրման գործունեության հարկային բեռը կախված է տնտեսվարողի իրավական ձևից, գործունեության բնույթից, շրջանառությունից և կիրառելի հարկային կարգավորումներից։
Շրջանառության հարկի համակարգ
Բեռնափոխադրման գործունեությունը դասակարգվում է որպես «այլ գործունեություն»
Հարկի դրույքաչափը․ 10%,
Ծախսերի միջոցով հարկի նվազեցում․ Հաշվարկված հարկի գումարը կարող է նվազեցվել փաստաթղթերով հիմնավորվոծ ծախսերի 6%-ի չափով,
Նվազագույն շեմ․ վճարման ենթակա հարկը չի կարող պակաս լինել հարկման բազայի 4,5%-ից
Հարկման ընդհանուր համակարգ ԱԱՀ + Շահութահարկ
Եթե բեռնափոխադրողը չի կարող կիրառել շրջանառության հարկի համակարգը կամ ընտրում է ընդհանուր հարկման համակարգը, ապա հարկային հաշվարկը կատարվում է այլ սկզբունքներով։
ՍՊԸ-ի դեպքում հիմնական հարկերն են՝
- Շահութահարկ՝ 18% հարկվող շահույթից (եկամուտներից նվազեցնելով հիմնավորված ծախսերը)
- ԱԱՀ՝ 20%, եթե գործարքը ենթակա է ԱԱՀ-ի և դրա նկատմամբ այլ դրույքաչափ կամ հատուկ կարգավորում կիրառելի չէ։
Անհատ ձեռնարկատիրոջ ԱՁ-ի դեպքում`
Եկամտային հարկ՝ 20%
ԱԱՀ՝ 20%
Եթե բեռնափոխադրումը կատարվում է արտերկրում
Եթե նախատեսում եք բեռներ տեղափոխել Հայաստանից Վրաստան, Ռուսաստան կամ այլ երկիր, ապա հարկային հաշվառումը կարող է ունենալ լրացուցիչ առանձնահատկություններ։
Միջազգային տրանսպորտային ծառայությունների համար նախատեսված է ԱԱՀ-ի 0% դրույքաչափ՝ օրենքով սահմանված պայմանների դեպքում։ Միջազգային է համարվում, մասնավորապես, այն փոխադրումը, որը սկսվում է Հայաստանում և ավարտվում Հայաստանի տարածքից դուրս, կամ սկսվում է արտերկրում և ավարտվում Հայաստանում։
Սեփական մեքենայի օգտագործում
Եթե մեքենան պատկանում է տնտեսվարողին կամ ընկերությանը, անհրաժեշտ է պատշաճ կերպով փաստաթղթավորել դրա ձեռքբերումը և հաշվապահական հաշվառումը։
Գործունեության հետ կապված ծախսերը կարող են ներառել՝
- վառելիք, յուղեր
- վերանորոգում և տեխնիկական սպասարկում,
- պահեստամասեր,
- ապահովագրություն,
- կայանման և ճանապարհային վճարներ,
- այլ հիմնավորված գործառնական ծախսեր:
Բեռնատար մեքենայի վարձակալությունը
Բեռնափոխադրողը կարող է մեքենան վարձակալել ֆիզիկական անձից, ԱՁ-ից կամ կազմակերպությունից։ Հարկային պարտավորությունները կախված են վարձատուի կարգավիճակից և պայմանագրի պայմաններից։
Ֆիզիկական անձից վարձակալելիս։ Եթե վարձակալը ՍՊԸ է կամ ԱՁ, անհրաժեշտ է պարզել՝ արդյոք նա պարտավոր է վարձավճարից պահել և պետական բյուջե փոխանցել եկամտային հարկ։ Դա կախված է գործարքի պայմաններից և հարկային օրենսգրքի պահանջներից։
ԱՁ-ից վարձակալելիս։ Պետք է ստուգել ԱՁ-ի հարկային կարգավիճակը, պահանջվող հաշվարկային փաստաթղթերը և վարձակալության վճարի հարկման կարգը։
ՍՊԸ-ից վարձակալելիս։ Եթե վարձատուն ԱԱՀ վճարող է, իսկ գործարքը ենթակա է ԱԱՀ-ի, վարձավճարի նկատմամբ կարող է կիրառվել 20% ԱԱՀ։
Վարձակալության պայմանագրում պետք է հստակ նշել վարձավճարը, վճարման ժամկետները, վառելիքի և վերանորոգման ծախսերի պատասխանատվությունը, ինչպես նաև մեքենայի սպասարկման պայմանները։
Հաշվապահի դերը վարձակալության հարկային հետևանքները նախապես գնահատելն է, անհրաժեշտ փաստաթղթերը ստուգելը, հարկերի հաշվարկը կազմակերպելը և ծախսերի ճիշտ հաշվառումն ապահովելը։ Սա թույլ է տալիս մինչև պայմանագիր կնքելը հասկանալ մեքենայի օգտագործման իրական արժեքը և խուսափել հարկային սխալներից։
