You are currently viewing 2027 թվականի հարկային փոփոխությունները Հայաստանում
2027 թվականի հարկային փոփոխությունները

2027 թվականի հարկային փոփոխությունները Հայաստանում

2027 թվականի հարկային փոփոխությունները Հայաստանում

2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում նախատեսվում են մի շարք փոփոխություններ հարկային արտոնությունների և առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտներում։

1․ Օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգի փոփոխություններ

Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրն այսուհետ կտրամադրվի անժամկետ՝ նախկին 12 ամսվա փոխարեն։ Սակայն դա չի նշանակում, որ հավաստագիրը կգործի առանց վերահսկողության։ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) յուրաքանչյուր եռամսյակ կստուգի՝ արդյոք ընկերությունը շարունակում է համապատասխանել սահմանված պահանջներին։

Միաժամանակ կխստացվեն հավաստագիր ստանալու չափանիշները, իսկ ներդրումային ֆոնդերն այլևս չեն կարողանա հավաստագիր ստանալ։

Կբարձրանա նաև թույլատրելի լրացուցիչ հարկային պարտավորությունների շեմը՝ հասնելով ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) հարկման բազայի 0.1 տոկոսին, բայց ոչ ավելի, քան 10 միլիոն դրամը։

2․ Հիփոթեքային վարկերի դիմաց եկամտային հարկի վերադարձի համակարգի փոփոխություններ

Փոփոխություններ են նախատեսվում նաև հիփոթեքային վարկերի դիմաց եկամտային հարկի վերադարձի համակարգում։

2027 թվականի հունվարի 1-ից այս համակարգն այլևս չի գործի Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում ներգրավվող նոր հիփոթեքային վարկերի համար։

Մյուս մարզերում արտոնության դադարեցումը նախատեսվում է 2029 թվականի հունվարի 1-ից՝ բացառությամբ սահմանամերձ բնակավայրերի։

Այն քաղաքացիները, որոնք արդեն դարձել են ծրագրի շահառու, կշարունակեն օգտվել արտոնությունից՝ օրենքով սահմանված պայմաններով։

Բացի այդ, նախատեսվում է երկու անգամ նվազեցնել եկամտային հարկի վերադարձի եռամսյակային առավելագույն չափը՝ 1.5 միլիոն դրամից հասցնելով 750 հազար դրամի։

ՀՀ հոդված 160

3․ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընդլայնում

2027 թվականի հունվարի 1-ից կընդլայնվի նաև առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակը՝ ներառելով բնակչության նոր խմբեր։

Համակարգում կընդգրկվեն՝

  • մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող վարձու աշխատողները,
  • մինչև 2.4 միլիոն դրամ համախառն եկամուտ ունեցող անհատ ձեռնարկատերերն ու նոտարները,
  • ապահովագրավճար վճարողների փոխկապակցված անձինք,
  • քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողները,
  • մարդատար տաքսիներով ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդները։

Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները

Կառավարության 2026 թ․ հոկտեմբերի 15-ի N 1486-Ն որոշմամբ ընդլայնվել է այն ապրանքների ցանկը, որոնց մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում պետք է ներառել հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը։

2027 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորված ԱՏԳ ԱԱ 2203 00 ծածկագրին դասվող գարեջրի և 2936, 3002 41 000 0, 3002 42 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 ծածկագրերին դասվող վիտամինների, պատվաստանյութերի, դեղերի, կոնտրաստային նյութերի և հակաբեղմնավորիչների մատակարարման դեպքում հաշվարկային փաստաթղթերում անհրաժեշտ է ներառել նաև հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը։

Նոյեմբերի 1-ից ապրանքների դրոշմավորման նոր փորձնական ծրագրեր կգործարկվեն

2026 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանում նախատեսվում է գործարկել նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագրեր։

Նախաձեռնությունը կտարածվի մի շարք ապրանքատեսակների վրա՝ նպատակ ունենալով փորձարկել դրանց հաշվառման և շրջանառության վերահսկման նոր մեխանիզմները, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։

Փորձնական ծրագրերում կընդգրկվեն հետևյալ ապրանքախմբերը.

  • Կրակմարիչներ, հրդեհային անվտանգության համար նախատեսված սարքավորումներ և պիրոտեխնիկական արտադրատեսակներ։
  • Անձնական և այլ հիգիենայի միջոցներ։
  • Հեծանիվներ։
  • Ծխախոտին փոխարինող արտադրատեսակներ։
  • Կենցաղային նշանակության ապրանքներ։
  • Լուսանկարչական սարքեր, ֆոտոլամպեր և հարակից այլ սարքավորումներ։
  • Դողեր, ավտոմեքենաների անվադողեր, պահեստամասեր, քսանյութեր և տեխնիկական հեղուկներ։
  • Կոշիկներ և խաղալիքներ։
  • Ծովամթերք, մակարոնեղեն, պատրաստի այլ սննդամթերք, քացախ, հրուշակեղեն և սննդային հավելումներ։
  • Բժշկական նշանակության արտադրատեսակներ, անասնաբուժական դեղամիջոցներ, հակասեպտիկ և ախտահանման միջոցներ։
  • Բնական մորթուց պատրաստված հագուստի պարագաներ և դրանց դրոշմավորում։

Փորձնական ծրագրերի շրջանակում կստուգվեն և կկարգավորվեն ապրանքների դրոշմավորման մեխանիզմներն ու տեղեկատվական համակարգի աշխատանքը։ Կփորձարկվեն նաև ծրագրի մասնակիցների տեղեկատվական համակարգերի ինտեգրումն օպերատորի տեղեկատվական համակարգի հետ։ Ի դեպ, փորձարկումը կընդգրկի դրոշմավորման ենթակա ապրանքների ապրանքաշրջանառության ամբողջ շղթան՝ դրոշմավորման ծածկագրերի պատվիրումից մինչև ապրանքների շրջանառությունից դուրսբերումը։

Ծագրերի հիմնական նպատակն է տեխնոլոգիական նոր լուծումների կիրառմամբ ապահովել Հայաստանում ապրանքների շրջանառության հետագծելիությունը, բարձրացնել շուկայի թափանցիկությունը՝ կանխելով կեղծ ու անորակ ապրանքների տարածումը։ Մասնավորապես, նախաձեռնությունը միտված է ստվերային շրջանառության կրճատմանը, բիզնեսի համար արդար մրցակցային պայմանների ձևավորմանն ու սպառողների իրավունքների պաշտպանությանը։

Միաժամանակ, թվային համակարգի ներդրումը կնպաստի Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության կարգավորումների ներդաշնակեցմանը, ԵԱՏՄ տարածքում ապրանքների տեղաշարժի պարզեցմանն, ինչպես նաև լոգիստիկ ծառայությունների զարգացմանը։