Հարկային արտոնություններ, ինչպես օգտվել համակարգից
Տնտեսվարողի համար հարկային պարտավորությունը միայն հարկը հաշվարկել և վճարելը չէ։ Հարկային օրենսգիրքը նախատեսում է մի շարք արտոնություններ, որոնց կիրառումը որոշ դեպքերում կարող է նվազեցնել հարկային բեռը կամ փոխել հարկի հաշվարկման և վճարման կարգը։ Հարկային արտոնությունները կարող են դրսևորվել հարկից ազատման, հարկման բազայի կամ հարկի նվազեցման, հատուկ դրույքաչափի կիրառման, ինչպես նաև հարկի վճարման ժամկետի հետաձգման ձևով։
Միևնույն ժամանակ կարևոր է հասկանալ, որ արտոնությունը ինքնաբերաբար չի տարածվում բոլոր տնտեսվարողների վրա։ Դրա կիրառումը կարող է կախված լինել գործունեության տեսակից, հարկ վճարողի կարգավիճակից, գործարքի բնույթից, փաստաթղթավորումից և օրենքով սահմանված այլ պայմաններից։
1․Ավելացված արժեքի հարկ
ԱԱՀ-ից ազատվող գործարքների հիմնական տեսակները
Կրթական ծառայություններ – հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև որոշ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի շրջանակում մատուցվող ուսուցման ծառայություններ։
Հանրակրթական ծրագրերի աշխատանքներ – հանրակրթական հիմնական ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքներ։
Խնամքի ծառայություններ – նախադպրոցական հաստատություններում, մանկատներում, ծերանոցներում և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի հաստատություններում մատուցվող խնամքի ծառայություններ։
Բժշկական ծառայություններ – հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, խորհրդատվության, բուժման, վերականգնման և բժշկական փորձաքննության ծառայություններ։
Եվ այլն ։
ԱԱՀ-ի 0% դրույքաչափով հարկվող գործարքները
Արտահանում – ՀՀ-ից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանվող ապրանքների մատակարարում։
Արտահանման հետ կապված ծառայություններ – արտահանվող ապրանքների փաթեթավորում, բեռնում, բեռնաթափում, ուղեկցում և նմանատիպ ծառայություններ։
Միջազգային տրանսպորտային ծառայություններ – բեռների, փոստի և ուղևորների միջազգային փոխադրում, երբ փոխադրումը սկսվում կամ ավարտվում է ՀՀ-ից դուրս։
Վերամշակման աշխատանքներ – արտահանման ենթակա ապրանքների համար կատարվող վերամշակման աշխատանքներ և ծառայություններ։
Նորոգման ծառայություններ – արտահանվող գույքի նորոգման համար օգտագործվող պահեստամասերի և այլ բաղադրիչների մատակարարում։
ԵԱՏՄ երկրներ արտահանում – ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանվող ապրանքների մատակարարում՝ անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում։
ՀՀ-ից դուրս մատուցվող ծառայություններ – այն աշխատանքներն ու ծառայությունները, որոնց կատարման կամ մատուցման վայրը ՀՀ տարածքը չի համարվում։
Եվ այլն։
Պետք է տարբերակել ԱԱՀ-ից ազատված գործարքը և 0 տոկոս դրույքաչափով հարկվող գործարքը․ դրանք նույնը չեն և տարբեր հարկային հետևանքներ կարող են ունենալ։
2․Եկամտային հարկ
Եկամտային հարկը հատկապես կարևոր է աշխատողների և ֆիզիկական անձանց եկամուտների դեպքում։
Նվազեցվող (չհարկվող) եկամուտների հիմնական տեսակները
Կենսաթոշակներ – օրենքով սահմանված կենսաթոշակները, համապատասխան բացառություններով։
Նպաստներ և սոցիալական աջակցություն – օրենքով սահմանված նպաստները և պետական կամ համայնքային սոցիալական օգնությունը։
Ժառանգություն և նվիրատվություն – ֆիզիկական անձից ժառանգության կամ նվիրատվության կարգով ստացված գույքն ու դրամական միջոցները՝ օրենքով նախատեսված պայմաններով։
Վարկեր և փոխառություններ – ստացված վարկերի և փոխառությունների գումարները, քանի դեռ դրանք ենթակա են վերադարձման։
Գյուղատնտեսական արտադրանքի վաճառքից եկամուտներ – գյուղատնտեսական արտադրանք արտադրող ֆիզիկական անձանց՝ այդ արտադրանքի մատակարարումից ստացվող եկամուտները։
Եվ այլն
Եկամտային հարկի դրույքաչափերը
Եկամտային հարկի հիմնական դրույաչափը 20% -ն է ։
Կրիպտոակտիվների օտարում — 1%
Շահաբաժիններ — 5%
Տոկոսներ, ռոյալթի, վարձակալության վճարներ, բարձր տեխնոլոգիաների և գիտահետազոտական ոլորտի մասնագետների աշխատավարձ , կամավոր կենսաթոշակային վճարներ, գույքի օտարումից եկամուտ — 10%
Շինարարական կազմակերպությունների կողմից շենքերի և տարածքների օտարում — 20%
Օրենքով սահմանված պայմանների դեպքում ֆիզիկական անձը կարող է իր կողմից կատարված որոշ սոցիալական ծախսերի դիմաց ստանալ փոխհատուցում՝ վճարված եկամտային հարկի հաշվին։
Եկամտային հարկի վերադարձ՝ հիփոթեքային վարկի դեպքում
- Հիփոթեքային վարկի դիմաց եկամտային հարկի վերադարձ – բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու նպատակով վերցված հիփոթեքային վարկի տոկոսների չափով հնարավոր է վերադարձնել եկամտային հարկը։
- Սահմանափակում – բնակարանի կամ տան արժեքը չպետք է գերազանցի 55 մլն դրամը։
- Վերադարձի չափը – 2025թ․-ից հետո ստացված վարկերի դեպքում՝ առավելագույնը 750 հազար դրամ յուրաքանչյուր եռամսյակի համար։
- Վերադարձը կատարվում է եռամսյակային, օրենքով սահմանված պայմանների պահպանման դեպքում։
3․Շահութահարկ
Շահութահարկի դեպքում նույնպես կան հարկային արտոնություններ, սակայն այստեղ անհրաժեշտ է տարբերակել շահութահարկից ազատումը և շահութահարկի նվազեցումը։
Շահութահարկի հիմնական արտոնությունները
- Գյուղատնտեսական արտադրություն — 0%՝ մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամուտների մասով։
- Ձեռագործ գորգերի արտադրություն — 0%՝ ձեռագործ գորգերի իրացումից ստացվող եկամուտների մասով։
- Ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) — 0%՝ ԱՏԳ-ում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների մասով՝ օրենքով սահմանված բացառություններով։
- Համահայկական բանկ — ազատված է շահութահարկից։
- Ոչ ռեզիդենտների որոշ եկամուտներ — ազատված են՝ ՀՀ պետական պարտատոմսերից և օրենքով սահմանված որոշ արժեթղթերից ստացվող եկամուտների մասով։
- Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ — ազատված է՝ օրենքով նախատեսված համապատասխան եկամուտների մասով։
- Ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրության բյուրոյի երաշխավորման ֆոնդ — ազատված է՝ ֆոնդի միջոցների և դրանց ներդրումներից ստացվող եկամուտների մասով։
Շահութահարկի նվազեցումը
- Զեղչված կամ անվճար ծառայություններ – կազմակերպության շահութահարկը կարող է նվազեցվել այն եկամտի չափով, որը չի ստացվել քաղաքացիներին զեղչով կամ անվճար ծառայություններ մատուցելու պատճառով։
- Սակայն արտոնությունը չի գործում, եթե կազմակերպությունը այդ ծառայությունների համար պետական սուբսիդիա է ստանում կամ օրենքով նախատեսված է, որ առաջացած հարկային վնասը չի փոխհատուցվում։
4․Շրջանառության հարկ
Շրջանառության հարկը ինքնին հարկային արտոնություն չէ, այլ հատուկ հարկման համակարգ։
Օրենքով սահմանված պայմաններին համապատասխանող տնտեսվարողները կարող են գործել շրջանառության հարկի համակարգում, որի շրջանակում հարկումը իրականացվում է հատուկ կանոններով։
Այն հատկապես կարևոր է փոքր և միջին բիզնեսի համար, սակայն համակարգից օգտվելու հնարավորությունը կախված է գործունեության տեսակից, շրջանառության չափից և այլ օրենսդրական պայմաններից։
Իմանալ ավելին շրջանառության հարկի, դրույքաչափերի և արտոնությունների մասին՝ https://tinyurl.com/yc7cndhy
Ի՞նչ պետք է ստուգի տնտեսվարողը
Հարկային արտոնություն կամ վերադարձ կիրառելուց առաջ անհրաժեշտ է պարզել՝
- արդյո՞ք տվյալ արտոնությունը վերաբերում է տվյալ հարկ վճարողին,
- ի՞նչ գործունեության կամ գործարքի դեպքում է այն կիրառվում,
- ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ,
- կա՞ն շրջանառության, ժամկետի կամ այլ սահմանափակումներ,
- արտոնությունը հարկից ազատո՞ւմ է, հարկի նվազեցո՞ւմ, թե՞ վերադարձ/փոխհատուցում,
- անհրաժեշտ է արդյոք ներկայացնել լրացուցիչ հաշվարկ կամ դիմում։
