Հարկային արտոնություններ, ինչպես օգտվել համակարգից
Տնտեսվարողի համար հարկային պարտավորությունը միայն հարկը հաշվարկել և վճարելը չէ։ Հարկային օրենսգիրքը նախատեսում է մի շարք արտոնություններ, որոնց կիրառումը որոշ դեպքերում կարող է նվազեցնել հարկային բեռը կամ փոխել հարկի հաշվարկման և վճարման կարգը։ Հարկային արտոնությունները կարող են դրսևորվել հարկից ազատման, հարկման բազայի կամ հարկի նվազեցման, հատուկ դրույքաչափի կիրառման, ինչպես նաև հարկի վճարման ժամկետի հետաձգման ձևով։
Միևնույն ժամանակ կարևոր է հասկանալ, որ արտոնությունը ինքնաբերաբար չի տարածվում բոլոր տնտեսվարողների վրա։ Դրա կիրառումը կարող է կախված լինել գործունեության տեսակից, հարկ վճարողի կարգավիճակից, գործարքի բնույթից, փաստաթղթավորումից և օրենքով սահմանված այլ պայմաններից։
1․Ավելացված արժեքի հարկ
ԱԱՀ-ից ազատվող գործարքների հիմնական տեսակները
Կրթական ծառայություններ – հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև որոշ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի շրջանակում մատուցվող ուսուցման ծառայություններ։
Հանրակրթական ծրագրերի աշխատանքներ – հանրակրթական հիմնական ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքներ։
Խնամքի ծառայություններ – նախադպրոցական հաստատություններում, մանկատներում, ծերանոցներում և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի հաստատություններում մատուցվող խնամքի ծառայություններ։
Բժշկական ծառայություններ – հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, խորհրդատվության, բուժման, վերականգնման և բժշկական փորձաքննության ծառայություններ։
Եվ այլն ։
ԱԱՀ-ի 0% դրույքաչափով հարկվող գործարքները
Արտահանում – ՀՀ-ից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանվող ապրանքների մատակարարում։
Արտահանման հետ կապված ծառայություններ – արտահանվող ապրանքների փաթեթավորում, բեռնում, բեռնաթափում, ուղեկցում և նմանատիպ ծառայություններ։
Միջազգային տրանսպորտային ծառայություններ – բեռների, փոստի և ուղևորների միջազգային փոխադրում, երբ փոխադրումը սկսվում կամ ավարտվում է ՀՀ-ից դուրս։
Վերամշակման աշխատանքներ – արտահանման ենթակա ապրանքների համար կատարվող վերամշակման աշխատանքներ և ծառայություններ։
Նորոգման ծառայություններ – արտահանվող գույքի նորոգման համար օգտագործվող պահեստամասերի և այլ բաղադրիչների մատակարարում։
ԵԱՏՄ երկրներ արտահանում – ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանվող ապրանքների մատակարարում՝ անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում։
ՀՀ-ից դուրս մատուցվող ծառայություններ – այն աշխատանքներն ու ծառայությունները, որոնց կատարման կամ մատուցման վայրը ՀՀ տարածքը չի համարվում։
Ծրագրային ապահովման մշակման և ՏՏ ծառայությունների մատուցումը ոչ ռեզիդենտ պատվիրատուներին դիտարկվում է որպես ծառայությունների արտահանում։ ՀՀ հոդված 39
Եվ այլն։
Պետք է տարբերակել ԱԱՀ-ից ազատված գործարքը և 0 տոկոս դրույքաչափով հարկվող գործարքը․ դրանք նույնը չեն և տարբեր հարկային հետևանքներ կարող են ունենալ։
2․Եկամտային հարկ
Եկամտային հարկը հատկապես կարևոր է աշխատողների և ֆիզիկական անձանց եկամուտների դեպքում։
Նվազեցվող (չհարկվող) եկամուտների հիմնական տեսակները
Կենսաթոշակներ – օրենքով սահմանված կենսաթոշակները, համապատասխան բացառություններով։
Նպաստներ և սոցիալական աջակցություն – օրենքով սահմանված նպաստները և պետական կամ համայնքային սոցիալական օգնությունը։
Ժառանգություն և նվիրատվություն – ֆիզիկական անձից ժառանգության կամ նվիրատվության կարգով ստացված գույքն ու դրամական միջոցները՝ օրենքով նախատեսված պայմաններով։
Վարկեր և փոխառություններ – ստացված վարկերի և փոխառությունների գումարները, քանի դեռ դրանք ենթակա են վերադարձման։
Գյուղատնտեսական արտադրանքի վաճառքից եկամուտներ – գյուղատնտեսական արտադրանք արտադրող ֆիզիկական անձանց՝ այդ արտադրանքի մատակարարումից ստացվող եկամուտները։
Եվ այլն
Եկամտային հարկի դրույքաչափերը
Եկամտային հարկի հիմնական դրույաչափը 20% -ն է ։
Կրիպտոակտիվների օտարում — 1%
Շահաբաժիններ — 5%
Տոկոսներ, ռոյալթի, վարձակալության վճարներ, բարձր տեխնոլոգիաների և գիտահետազոտական ոլորտի մասնագետների աշխատավարձ , կամավոր կենսաթոշակային վճարներ, գույքի օտարումից եկամուտ — 10%
Շինարարական կազմակերպությունների կողմից շենքերի և տարածքների օտարում — 20%
Օրենքով սահմանված պայմանների դեպքում ֆիզիկական անձը կարող է իր կողմից կատարված որոշ սոցիալական ծախսերի դիմաց ստանալ փոխհատուցում՝ վճարված եկամտային հարկի հաշվին։
Եկամտային հարկի վերադարձ՝ հիփոթեքային վարկի դեպքում
- Հիփոթեքային վարկի դիմաց եկամտային հարկի վերադարձ – բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու նպատակով վերցված հիփոթեքային վարկի տոկոսների չափով հնարավոր է վերադարձնել եկամտային հարկը։
- Սահմանափակում – բնակարանի կամ տան արժեքը չպետք է գերազանցի 55 մլն դրամը։
- Վերադարձի չափը – 2025թ․-ից հետո ստացված վարկերի դեպքում՝ առավելագույնը 750 հազար դրամ յուրաքանչյուր եռամսյակի համար։
- Վերադարձը կատարվում է եռամսյակային, օրենքով սահմանված պայմանների պահպանման դեպքում։
3․Շահութահարկ
Շահութահարկի դեպքում նույնպես կան հարկային արտոնություններ, սակայն այստեղ անհրաժեշտ է տարբերակել շահութահարկից ազատումը և շահութահարկի նվազեցումը։
Շահութահարկի հիմնական արտոնությունները
- Գյուղատնտեսական արտադրություն — 0%՝ մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամուտների մասով։
- Ձեռագործ գորգերի արտադրություն — 0%՝ ձեռագործ գորգերի իրացումից ստացվող եկամուտների մասով։
- Ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) — 0%՝ ԱՏԳ-ում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների մասով՝ օրենքով սահմանված բացառություններով։
- Համահայկական բանկ — ազատված է շահութահարկից։
- Ոչ ռեզիդենտների որոշ եկամուտներ — ազատված են՝ ՀՀ պետական պարտատոմսերից և օրենքով սահմանված որոշ արժեթղթերից ստացվող եկամուտների մասով։
- Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ — ազատված է՝ օրենքով նախատեսված համապատասխան եկամուտների մասով։
- Ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրության բյուրոյի երաշխավորման ֆոնդ — ազատված է՝ ֆոնդի միջոցների և դրանց ներդրումներից ստացվող եկամուտների մասով։
Շահութահարկի նվազեցումը
- Զեղչված կամ անվճար ծառայություններ – կազմակերպության շահութահարկը կարող է նվազեցվել այն եկամտի չափով, որը չի ստացվել քաղաքացիներին զեղչով կամ անվճար ծառայություններ մատուցելու պատճառով։
- Սակայն արտոնությունը չի գործում, եթե կազմակերպությունը այդ ծառայությունների համար պետական սուբսիդիա է ստանում կամ օրենքով նախատեսված է, որ առաջացած հարկային վնասը չի փոխհատուցվում։
4․Շրջանառության հարկ
Շրջանառության հարկը ինքնին հարկային արտոնություն չէ, այլ հատուկ հարկման համակարգ։
Իմանալ ավելին շրջանառության հարկի, դրույքաչափերի և արտոնությունների մասին՝ https://tinyurl.com/yc7cndhy
Շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և/կամ շահութահարկին
Ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և շահութահարկին, իսկ ԱՁ-ների համար՝ ԱԱՀ-ին։ ՀՀ հոդված 253
Շրջանառության հարկ վճարողները որոշ դեպքերում ազատվում են շահութահարկի կանխավճարներից
ՀՀ հոդված 263
Փաստաթղթավորված ձեռքբերումները կարող են նվազեցնել վճարման ենթակա հարկը
- Առևտրական գործունեություն – 10%-ից հարկը նվազեցվում է փաստաթղթավորված ծախսերի 9.5%-ով, բայց չի կարող լինել հարկման բազայի 1%-ից պակաս։
- Արտադրական գործունեություն – 7%-ից նվազեցվում է ծախսերի 5%-ով, բայց ոչ պակաս, քան հարկման բազայի 3%-ը։
- Հանրային սնունդ – 20%-ից նվազեցվում է ծախսերի 9%-ով, բայց ոչ պակաս, քան հարկման բազայի 3.5%-ը։
- Այլ գործունեություն – 10%-ից նվազեցվում է ծախսերի 6%-ով, բայց ոչ պակաս, քան հարկման բազայի 4.5%-ը։
Ի՞նչ պետք է ստուգի տնտեսվարողը
Հարկային արտոնություն կամ վերադարձ կիրառելուց առաջ անհրաժեշտ է պարզել՝
- արդյո՞ք տվյալ արտոնությունը վերաբերում է տվյալ հարկ վճարողին,
- ի՞նչ գործունեության կամ գործարքի դեպքում է այն կիրառվում,
- ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ,
- կա՞ն շրջանառության, ժամկետի կամ այլ սահմանափակումներ,
- արտոնությունը հարկից ազատո՞ւմ է, հարկի նվազեցո՞ւմ, թե՞ վերադարձ/փոխհատուցում,
- անհրաժեշտ է արդյոք ներկայացնել լրացուցիչ հաշվարկ կամ դիմում։
