You are currently viewing Անհատ ձեռնարկատիրոջ (ԱՁ) իրավական կարգավիճակը, առավելություններն ու ռիսկերը

Անհատ ձեռնարկատիրոջ (ԱՁ) իրավական կարգավիճակը, առավելություններն ու ռիսկերը

Անհատ ձեռնարկատիրոջ (ԱՁ) իրավական կարգավիճակը, առավելություններն ու ռիսկերը

Բիզնեսի մեկնարկի համար կազմակերպաիրավական ձևի ճիշտ ընտրությունը առանցքային է։ Հայաստանում սկսնակ ձեռներեցների և ֆրիլանսերների համար ամենահասանելի տարբերակներից մեկը անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակն է, որն աչքի է ընկնում պարզեցված գրանցմամբ և հարմար վարչարարությամբ։ Այս ուղեցույցը ներկայացնում է ԱՁ-ի իրավական կարգավիճակը, առավելություններն ու ռիսկերը, ինչպես նաև դրա հիմնական տարբերությունները ՍՊԸ-ից։

 

Բովանդակություն

  1. Ո՞վ կարող է լինել անհատ ձեռնարկատեր
  2. ԱՁ հաշվառվելու առավելությունները
  3. ԱՁ լինելու բացասական կողմերը
  4. ԱՁ-ի և ՍՊԸ-ի հիմնական տարբերությունները

 

  1. Ո՞վ կարող է լինել անհատ ձեռնարկատեր

Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի և Անհատ ձեռնարկատիրոջ մասին ՀՀ օրենքի՝ անհատ ձեռնարկատեր է հանդիսանում այն ֆիզիկական անձը, ով իրավունք ունի առանց իրավաբանական անձ կազմավորվելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկերով իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է:

Անհատ ձեռնարկատեր կարող են դառնալ

  • ՀՀ գործունակ քաղաքացիները
  • Օտարերկրյա գործունակ քաղաքացիները
  • Քաղաքացիություն չունեցող անձինք

Սահմանափակումներ Օրենքով որոշակի պաշտոններ զբաղեցնող անձանց (օրինակ՝ հանրային ծառայություններին, դատավորներին, դատախազների, պատգամավորներին) արգելվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։

ԱՁ հոդված 1

  1. Ինչ առավելություններ կան որպես ԱՁ հաշվառվելու դեպքում

Անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակն ընտրելն ունի մի շարք էական առավելություններ, հատկապես փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև ֆրիլանսերների համար․

  • Պարզեցված պետական հաշվառում Հաշվառման գործընթացը պահանջում է նվազագույն փաստաթղթեր, չկա կանոնադրական կապիտալ ձևավորելու կամ կանոնադրություն մշակելու պահանջ։
  • Եկամուտների ազատ տնօրինումԲիզնեսի ստացված ամբողջ շահույթը հանդիսանում են ֆիզիկական անձի անձնական սեփականությունը։
  • Պարզեցված հաշվապահություն․ ԱՁ-ների համար հաշվապահական հաշվառումը և հարկային հաշվետվությունների ներկայացումը զգալիորեն ավելի պարզ է, քան իրավաբանական անձանց համար։

 

  1. Որո՞նք են ԱՁ լինելու բացասական կողմերը (ռիսկերը)

Չնայած բազմաթիվ առավելություններին, ԱՁ կարգավիճակն ունի մեկ գլխավոր և վճռորոշ թերություն, որը պետք է հաշվի առնել բիզնես սկսելիս․

Անհատ ձեռնարկատերը իր ձեռնարկատիրական գործունեությունից բխող պարտավորությունների (պարտքերի, հարկերի, տուգանքների) համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող ամբողջ գույքով (բացառությամբ օրենքով բռնագանձման ենթակա չհամարվող գույքի):

ԱՁ հոդված 9

  1. Որոնք են ԱՁ-ի ու ՍՊԸ-ի հիմնական տարբերությունները

Համեմատության հատկանիշ Անհատ ձեռնարկատեր (ԱՁ) Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)
Իրավական կարգավիճակ Ֆիզիկական անձ, ով ստացել է ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունք։ Ինքնուրույն իրավաբանական  անձ
Պատասխանատվություն Պատասխանատու է իր ողջ անձնական գույքով։ Ընկերության պատասխանատվությունների համար մասնակիցը պատասխանատու է միայն իր ներդրման չափով։
Պետական գրանցման հաշվառման տուրք 3000 դրամ Անվճար (0 դրամ)
Մասնակիցների/ հիմնադիրների քանակ Միայն 1 անձ ՍՊԸ-ում մասնակիցների քանակը չպետք է գերազանցի 49-ը
Եկամտի տնօրինում Ազատորեն կարող  օգտագործել անձնական կարիքների համար։ Եկամուտը պատկանում է ընկերությանը․ դուրս են բերվում շահաբաժնի տեսքով

 

 

Որպեսզի հետագայում որևէ բարդություններ չառաջանան, անհրաժեշտ է ի սկզբանե դիմել մասնագիտական խորհրդատվության համար, և կատարել ճիշտ որոշում։ Հարցերի և մասնագիտական խորհրդատվության համար կարող եք դիմել «Բեսթ Լոջիք» հաշվապահական ընկերությանը՝ հեռ․ (+374 33) 701-600