Հարկերի չվճարման հետևանքները ՀՀ-ում
Հարկերը հանդիսանում են պետության ֆինանսական համակարգի հիմնասյունը և պետական բյուջեի ձևավորման հիմնական աղբյուրը։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և ՀՀ Հարկային օրենսգրքի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում վճարել հարկերը և տուրքերը։
-
Հարկերի հասկացությունը և հիմնական տեսակները․
Հարկը պետական և (կամ) հասարակական կարիքների բավարարման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքային բյուջե վճարվող պարտադիր, անհատույց դրամական վճար է։
Հարկերի տեսակները․
- Պետական հարկեր են`
- Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ),
- Ակցիզային հարկը,
- Շահութահարկը,
- Եկամտային հարկը,
- Բնապահպանական հարկը,
- Ճանապարհային հարկը,
- Շրջանառության հարկը,
- Տեղական հարկեր են՝
- Անշարժ գույքի հարկը,
- Փոխադրամիջոցների գույքահարկը:
-
Հարկերը չվճարելու կամ ուշացնելու ֆինանսական հետևանքները
Հարկային պարտավորությունները սահմանված ժամկետներում չկատարելու կամ հարկային հաշվարկներում սխալներ թույլ տալու դեպքում ՀՀ Հարկային օրենսգիրքը նախատեսում է ֆինանսական պատժամիջոցներ՝ տույժեր և տուգանքներ։
Տույժերի հաշվարկում
Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար (առավելագույնը 730 օրվա համար) հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075%-ի չափով:
Հարկային հաշվարկը չներկայացնելը
Հարկային հաշվարկը սահմանված ժամկետից ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 լրացած օրվա համար (անկախ 15-րդ օրը ոչ աշխատանքային լինելու հանգամանքից) հարկ վճարողից կամ հարկային գործակալից գանձվում է տուգանք (նաև ստուգման ակտով)` հաշվարկված հարկի ընդհանուր գումարի 5%-ի չափով:
Հարկման բազան թաքցնելը կամ պակաս ցույց տալը
Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի յուրաքանչյուր հարկային հաշվարկում հարկի գումարը սահմանված կարգով հաշվարկվող չափից պակաս ցույց տալու դեպքերում գանձվում է պակաս ցույց տրված հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 50%-ի չափով (կրկնելու դեպքում՝ 100%):
ՀԴՄ կանոնների խախտում
Տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայի բացակայության կամ հարկային մարմնում այդ վայրի հասցեով կամ շրջիկ առևտրի կետի համար տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենա գրանցված չլինելու համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է 500,000 դրամի չափով:
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքում կազմակերպությունը, ԱՁ-ն կամ նոտարը տուգանվում է 200,000 դրամի և տվյալ հարկ վճարողի բոլոր հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0,5%-ի գումարի հանրագումարի չափով (բայց ոչ ավելի, քան 10 միլիոն դրամը):
-
Վարչական և գույքային բռնագանձման մեխանիզմները
Եթե հարկ վճարողը չի կատարում իր հարկային պարտավորությունները, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ձեռնարկում է վարչական ստիպողական միջոցներ։
Գույքի արգելանքը չվճարված հարկային պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հարկ վճարողի գույքային իրավունքների սահմանափակման ուղղված՝ հարկային մարմնի կողմից իրականացվող գործողություն է:
Գույքի արգելանքը կիրառվում է՝
- Բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա
- Շարժական կամ անշարժ գույքի վրա՝ տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքի՝ հարկային պարտավորությունների չափով սահմանափակման միջոցով:
Չվճարված հարկային պարտավորության գումարը 2 միլիոն և ավելի կազմելու դեպքում կիրառված գույքի արգելանքի դեպքում առկա հարկային պարտավորության ոչ պակաս, քան 20 տոկոսը մարելու և Օրենսգրքով սահմանված համապատասխան հիմքերի առկայության դեպքում հարկային մարմնի ղեկավարը, հարկ վճարողի դիմումի համաձայն, հարկային պարտավորությունների ապահովման՝ գույքի արգելանքի միջոցը փոխարինում է հարկային պարտավորությունների ապահովման այլ միջոցներով, որի տևողությունը կարող է սահմանվել մինչև 9 ամիս ժամկետով:
-
Քրեական պատասխանատվություն․
Հարկերի վճարումից գիտակցորեն խուսափելը դիտարկվում է որպես հանցագործություն ընդդեմ տնտեսական գործունեության կարգի։
Հարկերը, տուրքերը և այլ վճարները չվճարելը
Խոշոր չափով հարկեր չվճարելու մեկ կամ երկու հարկային տարում 30-45 մլն դրամը գերազանցող գումարի դեպքում, նախատեսվում է քրեական պատասխանատվություն՝
- տուգանք՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով,
- ազատության սահմանափակում՝ 1-3 տարի,
- կարճաժամկետ ազատազրկում՝ 1-2 ամիս,
- ազատազրկում՝ 2-5 տարի։
Առանձնապես խոշոր հարկերի դեպքում մեկ կամ երկու հարկային տարում 50-75 մլն դրամը գերազանցող գումարի դեպքում՝ 4-8 տարի ազատազրկում։
Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ամբողջությամբ վճարել է չվճարված հարկերը, տուրքերը կամ այլ վճարները և դրանց չվճարման համար հաշվարկված տույժերը:
Հարկային պահանջների անտեսումը կամ սխալ հաշվառումը առաջացնում են ֆինանսական և իրավաբանական լուրջ ռիսկեր՝ տույժեր, տուգանքներ, գույքի արգելադրում և քրեական պատասխանատվություն։
Հարկային պարտավորությունների ճշգրիտ պլանավորումը, հաշվետվությունների ժամանակին ներկայացումն ու արտոնությունների գրագետ կիրառումն ապահովում են բիզնեսի անվտանգությունն ու կայուն զարգացումը։
Դե իսկ եթե փնտրում եք փորձառու և վստահելի հաշվապահների, ապա Բեսթ Լոջիք հաշվապահական գրասենյակը սիրով Ձեզ կառաջարկի որակյալ հաշվապահական ծառայություններ՝ հիմնված փորձի և պատասխանատվության վրա։
