Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ բացահայտվել է ստվերային շրջանառության նոր դեպք, որի հետևանքով պետական բյուջե չի վճարվել շուրջ 8.2 միլիարդ դրամի հարկ։
ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների իրականացրած համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ շինարարական նյութերի արտադրությամբ և վաճառքով զբաղվող ՍՊ ընկերությունը երկար տարիներ թերհայտարարագրել է իր իրացման շրջանառությունը։ Մասնավորապես, 2014-2024 թվականների ընթացքում ընկերությունը թաքցրել է շուրջ 27.5 միլիարդ դրամի շրջանառություն՝ խուսափելով հարկերի հաշվարկումից և վճարումից։
ՊԵԿ-ը հայտնում է, որ ստացված փաստական տվյալների հիման վրա 2025 թվականի հունվարի 27-ին կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչություն։ Դրանից հետո նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ընկերության իրավաբանական և գործունեության հասցեներում կատարվել են խուզարկություններ, առգրավվել են նախաքննության համար նշանակություն ունեցող նյութեր և փաստաթղթեր։
ՊԵԿ-ը հայտնում է, որ նախաքննությունը շարունակվում է, և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դեպքի մանրամասները պարզելու, ներգրավված անձանց բացահայտելու և պետությանը հասցված վնասը վերականգնելու նպատակով։
Կոմիտեն կրկին հորդորում է տնտեսվարողներին խստորեն պահպանել հարկային օրենսդրությունը և զերծ մնալ հարկային պարտավորություններից խուսափելու ապօրինի գործողություններից։
ՊԵԿ -ի տեսանյութը՝